«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ երեկ երեկոյան Երևանի Պուշկին-Սարյան փողոցում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է: Երեք երիտասարդ՝ Աշոտ, Վաչիկ, Կոստանդին անունով հայտնաբերվել և ձերբակալվել են: Վերջինիս մականունը ՝ Կոկո է:
Իրավապահներին հաջողվել է նրանց բռնել «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղից նրանք փորձել են հեռանալ երկրից: Մեզ հաջողվեց պարզել, որ ավազակային հարձակման ենթարկված երիտասարդի պայուսակում եղել էր 35-40 հազար դոլար, ինչը շահել էր երևանյան բուքմեյքերական գրասենյակներից մեկում: Հիշեցնենք, որ երեկ մեր աղբյուրներին հղում անելով՝ գրել էինք, որ Երևանում՝ Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում մի քանի հոգի հարձակվել ու ծեծել էին մի երիտասարդի, որից հետո հափշտակել ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի: Ավելի ուշ պարզվել էր, որ պայուսակի մեջ մի քանի տասնյակ հազար դոլար գումար է եղել:
Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը գումարը շահել էր բուքմեյքերական կենտրոններից մեկում: Իր վրա հարձակվողները նախապես տեղեկացել էին դրա մասին և նշված խաչմերուկում հարձակվել, ծեծի ենթարկել ու հափշտակել էին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ոստիկանությունը միայն հաստատել էր, որ նշված վայրից ահազանգ էր ստացել, այլ մանրամասներ չէր հայտնել: Իսկ այսօր հաստատեցին, որ երեք երիտասարդ ձերբակալված են: Նրանց տարիքը ստույգ չի նշվում, բայց մոտ 20-22 տարեկան են: Ի դեպ, նրանք Պուշկին-Սարյան փողոցում տուժողին ծեծի են ենթարկել, հափշտակել պայուսակը, հասել Սպանդարյան փողոց ու վթարի ենթարկվել, իրենց մեքենան թողելե այդ վայրում ու տաքսիով ուղևորվել օդանավակայան, որտեղից էլ նրանց հաջողվել է ձերբակալել: