«Վեցյակը» շարունակում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցել Թեհրանի հետ, դրանք, սակայն, կարող են ձգձգվել մի քանի օրով: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ով համակարգում է խորհրդակցությունները։
«Մենք շարունակում ենք բանակցությունները: Դուք տեսնում եք, որ այս ժամերին նախարարները գնում են, որպեսզի հետո վերադառնան: Մենք շարունակելու ենք բանակցությունները: Սակայն դա չի նշանակում, թե մենք ձգձգում ենք վերջնաժամկետը: Մենք քննարկել ենք բարդ հարցեր, որոնք երբեմն ցավոտ են, սակայն՝ անհրաժեշտ, որպեսզի հասնենք համաձայնագրին:
Մենք միշտ իմացել ենք, որ դա կլինի բարդ, սակայն շարունակում ենք աշխատել՝ տեսնելու համար, թե արդյոք կարո՞ղ ենք առաջիկա ժամերին ու օրերին կազմակերպել համաձայնագրի կնքումը: Ահա թե ինչով ենք զբաղված մենք»,- հայտնել է նա:
Մոգերինին ընդգծել է, որ շարունակելու է մնալ Վիեննայում՝ մինչև բանակցությունների ավարտը: