Մոսկվայի կենտրոնում, մետրոյի «Օխոտնի րյադ» կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել տարօրինակ միջադեպ: Վեճի են բռնվել Ստալինի և Լենինի նմանակները, ում հաճախ կարելի է հանդիպել Կարմիր հրապարակում: Բացի այդ, վերջերս տարածքում աշխատում է նաև Ստալինի մեկ այլ նմանակ: Եվ հենց նա էլ դարձել է կռվի պատճառը:
Վեճը բռնկվել է այն բանից հետո, երբ Իլյիչը և Կոբան գնացել են սուրճ գնելու: Այդտեղ Ստալինի նմանակը՝ Լատիֆ Վալիևը, սկսել է մեղադրել Լենինի նմանակին՝ Իգոր Գորբունովին, թե իբր վերջինս «շրջվել» է դեպի մյուս Ստալինը:
Սկսվել է «պրոլետարական բանավեճ», և երբ Գորբունովը մեջքով շրջվել է դեպի հակառակորդը, Վալիևը հովանոցով 3 անգամ հարվածել է նրա մեջքին, հայտնում է «ՄԿ»-ն: Տուժած «Լենինը» փափուկ հյուսվածքների վնասվածքներով դիմել է հիվանդանոց, ինչպես նաև զեկուցագիր է ներկայացրել մետրոպոլիտենի ՆԳ վարչություն: Թերթը նշում է, որ քաղաքային մետրոպոլիտենի դատախազությունը սկսել է միջադեպի հետաքննությունը: