Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը կհանդիպեն հուլիսի կեսին՝ Պրահայում: Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն. «Մենք Պրահայում կհանդիպենք հուլիսի կեսին: Ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ»:
Հուլիսի 4-ին «Ռուս-վրացական հասարակական կենտրոնը» կազմակերպել էր ֆորում, որին մասնակցել են նաև վրացի և ռուս փորձագետները: Նրանք ներկայացրել են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մի շարք առաջարկներ, ինչպես նաև անդրադարձել այն թեմաներին, որոնք քննարկվելու են երկու երկրների ներկայացուցիչների առաջիկա հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Աբաշիձեն հայտարարել է, որ Կարասինի հետ հանդիպումն առաջին անգամ կանցկացվի ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների տնտեսական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի ավելի մանրակրկիտ քննարկվեն տնտեսական երկկողմ հարաբերությունները: