Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է մեկնել Չինաստան: Ակնկալվում է, որ այդ այցը տեղի կունենա հուլիսի 28-ին, եթե մինչ այդ չգրանցվեն արտառոց իրադարձություններ: Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ այցը որակել են որպես անակնկալ:
Ընդգծվում է, որ Էրդողանը Չինաստան կմեկնի G20-ում նախագահող երկրի կարգավիճակով և աշնանը Թուրքիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովից առաջ: Ընդգծվում է, որ Էրդողանը Չինաստանի ղեկավարության հետ կքննարկի ույղուրների հարցը: Էրդողանը Թուրքիայի առաջին վարչապետն էր, որ 2012 թվականին այցելել է Չինաստանի Սինձյան-Ույղուրյան ինքնավար մարզ:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատեց Չինաստանի իշխանություններին՝ Ռամադան ամսվա ընթացքում ույղուրներին պահք պահելը և կրոնական այլ ծեսերն արգելելու համար: Անկարայում Չինաստանի դեսպանը կանչվեց Թուրքիայի ԱԳՆ, ուր նրան բողոք ներկայացվեց: Չինաստանի ԱԳՆ-ն իր հերթին հերքեց թուրքական կողմի մեղադրանքները:
Ներկայումս Թուրքիայի տարբեր քաղաքներում, այդ թվում նաև Անկարայում Չինաստանի դեսպանատան դիմաց շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ Չինաստանի ղեկավարության գործողությունների: Չինաստանի ղեկավարությունն իր հերթին քաղաքացիներին զգուշացրել է չայցելել Թուրքիա՝ ելնելով անվտանգության նկատառումներից: