Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` եթե հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին հաջորդող 45 օրում չստեղծվի կառավարություն, ապա սահմանադրության համաձայն, պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն:
4 փոխվարչապետի պաշտոնների հետ միասին Թուրքիայի կառավարության անդամների թիվը հասնում է 25-ի: Դրանք պետք է բաշխվեն համաձայն խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ստացած քվեների:
Դա նշանակում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) ստանալու են նախարարական հավասար` երեքական պորտֆել: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պետք է ստանա 11 նախարարական պորտֆել, իսկ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ)` 6 պորտֆել: Մնացյալ երկու նախարարական պորտֆելի հարցում քննարկումները շարունակվում են:
Անցումային կառավարությունը ստեղծվելու է պաշտոնաթերթում վաղաժամ նոր ընտրությունների անցկացման մասին որոշման հրապարակումից հետո 5 օրվա ընթացքում: