Լուրեր
Հայաստանը պետք է կարողանա ճիշտ իրացնել իր հնարավորությունները․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
  • 12:00
  • 2015-07-03
  • Դիտումներ՝ *

ԱՄՆ անկախության տոնի առթիվ «Առաջին լրատվական»RealPolitik հաղորդաշարը հյուրընկալվել է ԱՄՆ դեսպանատանը: Ավանդաբար հուլիսի 4-ին ընդառաջ «Առաջին լրատվական»-ը հարցազրույց է անցկացնում Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ՝ ամփոփելու անցած մեկ տարում հայ-ամերիկյան հարաբերությունների ողջ ներկապնակը, ինչպես նաև քննարկելու առաջիկա տարվա առաջնահերթությունները:

Հիշեցնենք, որ էլեկտրականության թանկացման շուրջ Երևանի վերջին իրադարձությունների վերաբերյալ օրեր առաջ Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը «Առաջին լրատվական»-ին  բացառիկ հարցազրույց  էր տվել, որում հորդորել էր ՀՀ իշխանությանը, ոստիկանությանը և ցուցարարներին հարգանքով վերաբերվել միմյանց, միաժամանակ հույս էր հայտնել, որ հետագա դեպքերը խաղաղ հանգուցալուծում կունենան:

– Պարոն դեսպան, նախ շնորհավորում եմ ԱՄՆ անկախության տոնի առթիվ:

Արդեն մի քանի ամիս է Հայաստանում եք, և կխնդրեի նախ ամփոփեք այն, ինչ ունենք այսօր հայ-ամերիկյան հարաբերություններում, ներկայացնեք այն տեսլականը, որ ունեք առաջիկա տարվա համար: ՀՀ-ում ԱՄՆ նախորդ դեսպանը հայ-ամերիկյան հարաբերություններում որպես առաջնահերթություն կարևորում էր տնտեսական գործոնը՝ խրախուսելու Միացյալ Նահանգներում ապրող հայ և ամերիկացի ներդրողներին գալ և Հայաստանում մասնակցել գործարար միջավայրի զարգացմանն ու բարելավմանը:

– Նախ շնորհակալություն եմ հայտնում անկախության տոնի առթիվ Ձեր շնորհավորանքի համար: Ես սպասում եմ այդ տոնին, դա լինելու է առաջին մեծ տոնակատարությունն այստեղ՝ որպես դեսպան: Միջոցառման ընթացքում մենք, իհարկե, մի քանի բան ենք տոնելու՝ Միացյալ Նահանգների կազմավորումը, ծնունդը, նաև Հոլիվուդին ենք անդրադարձ կատարելու և նշելու ենք դեսպանատան այս շենքի տասնամյակը:

Ինչ վերաբերում է իմ առաջնահերթություններին և տեսլականին՝ այս չորս ամիսների ընթացքում, ինչ այստեղ եմ, շատ տպավորիչ է տեսնել, թե ինչպիսի հարուստ և խորը հարաբերություններ են հաստատված Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև: Ինչպես ցանկացած նոր դեսպան, ես նույնպես բազմաթիվ առաջնահերթություններ ունեմ: Նախ՝ շարունակել աշխատանքը  կառավարության, քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ Հայաստանում ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների հարցերի շուրջ: Կարծում եմ՝ մեր երկու երկրների համար ընդհանրական է հիմնարար ազատությունների և հիմնարար իրավունքների արժեքը: Մյուս առաջնահերթությունն այն է, որ մենք փորձում ենք աջակցել Հայաստանին հարևանների հետ խաղաղության, հաշտեցման հարցում, նաև Թուրքիայի հետ հաշտեցման հարցն ենք կարևորում: Եվ ինչպես դեսպան Հեֆերնի, այնպես էլ իմ առաջնահերթությունների ցուցակում առաջնայինը տնտեսական կապերի ամրապնդումն ու խորացումն է: Դա լավ կլինի Հայաստանի, ինչպես նաև Միացյալ Նահանգների տնտեսությունների համար, աշխատատեղեր կստեղծվեն, առևտրային կապերի զարգացումը մեր տնտեսությունների համար երկուստեք բարենպաստ կլինի:

Հայաստանի տնտեսությունը հասել է զարգացման մի այնպիսի աստիճանի, որ արդեն իրական հնարավորություններ կան Միացյալ Նահանգների ներդրողների համար: Տեղի են ունեցել իրական բարեփոխումներ, որոնք օտարերկրացիների համար այդ ոլորտում ներգրավվելու հնարավորություններ են ընձեռում: Վերջին շրջանում այնպիսի զարգացումներ եղան, որոնք նպաստում են այս հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես՝ վիզաների ազատականացումը, որ տեղի ունեցավ դեկտեմբեր ամսին, ապա մայիսին Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը, երբ նախագահ Սարգսյանը գտնվում էր Միացյալ Նահանգներում: Այս համաձայնագրով նախատեսվում է, որ տարեկան մեկ անգամ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները հանդիպելու են և համատեղ դիտարկելու են այն հարցերը, որոնք խոչընդոտներ են ստեղծում երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ճանապարհին: Կուզենայի նշել մայիս ամսին «Մայքրոսոֆթի» կողմից ՀՀ կառավարության հետ լիցենզավորման համաձայնագրի ստորագրումը, որը ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունը մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, մի բան, որը շատ կարևոր է տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող հարցերի շրջանակում:

Անգլերենում մի արտահայտություն կա՝ գործարքը պետք է կարողանաս նաև ճիշտ իրացնել: Ես, այո՛, կարող եմ ներկայացնել, թե ինչ հնարավորություններ կան Հայաստանում Միացյալ Նահանգների ներդրողների համար, բայց ի վերջո՝ Հայաստանը պետք է կարողանա դա իրացնել: Սակայն այն ոլորտներում, որտեղ Հայաստանում ցանկանում են ներդրումներ անել, կան նաև խոչընդոտներ, մասնավորապես՝ հարկային և մաքսային վարչարարության առումով թափանցիկության բացակայությունը, հարկային օրենսդրության խրթին լինելը, որը ամերիկյան գործարարների համար դժվար է հասկանալ: Ամերիկյան գործարարների մտահոգություններից մեկն էլ Հայաստանում հզոր ազդեցության դաշտերի առկայությունն է, ինչը սահմանափակում է մրցակցային միջավայրը: Բայց ես հավատացած եմ, որ մենք ունենք գործընկերներ Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարություններում, ովքեր պատրաստ են աշխատել ու վերացնել առևտրի և ներդրումների ճանապարհին առկա այս խոչընդոտները:

– Պարոն դեսպան, Հայաստանի անկախության ողջ ժամանակահատվածի համար ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից Որոտանի ՀԷԿ-երի կասկադի ձեռքբերումը չափազանց կարևոր և նշանակալից  իրադարձություն էր: Տևական ժամանակ բանակցություններ էին վարվում այդ գործարքը ավարտին հասցնելու համար: Սա Հայաստանի համար չափազանց էական ոլորտ է, իսկ այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին առավել կարևորվող: Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության և էներգետիկ համակարգում այդ ընկերությունը նոր և բարձր մակարդակի վարչարարություն, մենեջմենթ, նոր մոտեցումներ, նոր շունչ, նոր մարտավարություն պետք է ասպարեզ բերի: Գաղտնիք չէ, որ Հայաստանն առաջիկայում ավելի ու ավելի լուրջ խնդիրներ է ունենալու էներգետիկայի ասպարեզում: Հասկանալով, որ Հայաստանի համար էներգետիկան ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական հարց է դառնում, ամերիկյան ընկերության կողմից Որոտանի կասկադի ձեռքբերումը ինչպիսի՞ հեռանկարներ է բացում ամերիկյան ընկերությունների համար՝ նոր հզորություններ կառուցելու, նոր ներկայություն ապահովելու, ինչ-որ կերպ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու առումով, որը թերևս մեր երկրի համալիր անվտանգության կարևոր բաղկացուցիչ մասն է դառնում:

– Մենք կարևորում ենք, որ այս գործարքը կարծես թե արդեն ավարտուն տեսքի է գալիս, սակայն ուզում եմ հստակեցնել, որ այս պահին կառավարության և «Կոնտուր Գլոբալ» ընկերության միջև համաձայնագիր ստորագրված է, բայց որոշ վերջնական դրույթներ դեռ հստակեցված չեն, և առայժմ չենք կարող ասել, որ գործարքը կքնված է, կայացած է: Որքան հասկանում եմ՝ մի քանի օրից այն ավարտուն տեսք կունենա:

Հայաստանի տնտեսության զարգացման համար էներգետիկ ոլորտն, անշուշտ, շատ կարևոր է, որտեղ Միացյալ Նահանգների դեսպանությունը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը տարիներ շարունակ աշխատել են՝ ապահովել են տեխնիկական աջակցություն կառավարությանը, խորհրդատվություն Հայաստանում էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման հարցերի, ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Մեր նպատակն է հնարավորություններ, տարբերակներ ապահովել Հայաստանի համար՝ պաշարների փոխադրման, դիվերսիֆիկացման հարցերի հետ կապված: Հայաստանն արդեն իսկ բավականին դիվերսիֆիկացում ունի՝ կան հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկտրակայաններ, ատոմային էլեկտրակայան, բայց եթե Հայաստանը կարողանա իր էներգետիկ ռեսուրսներն առավել դիվերսիֆիկացնել, դա նաև ավելի լայն հնարավորություններ կստեղծի տնտեսության համար: Էներգետիկ ոլորտը բարդ ոլորտ է, այստեղ տարբեր էներգետիկ ռեսուրսներ են օգտագործվում, և մեկ ընկերության հայտնվելն այս ոլորտում, չեմ կարծում, մեծ բան կարող է փոխել:

«Կոնտուր գլոբալ» ընկերությունը, ինչպես Դուք ճիշտ նշեցիք, կարող է բիզնես մոդել հանդիսանալ լավագույն փորձի ներկայացման առումով, այն կարող է լավագույն օրինակ ծառայել կորպորատիվ կառավարման մոտեցումների ներկայացման առումով, որը մասնավորապես ներառում է աշխատողների շարունակական ուսուցում, անհրաժեշտ հմտությունների ապահովում: Ընկերությունը Հայաստանում լինելու է ամենախոշոր ամերիկյան ներդրողը, և  կարծում եմ՝ իր հետ ամերիկյան մի ավանդույթ կբերի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ավանդույթը, երբ ընկերությունը նաև համայնքի առաջ է որոշակի աշխատանքներ իրականացնում: Այդ մոտեցումը «Կոնտուր Գլոբալի» կողմից արդեն իսկ սկսված է. այն համայնքներում, որոնք գտնվում են Որոտանի տարածքում, սկսել են որոշակի ծրագրեր իրականացնել:

– Թեև հռչակվում էր, որ գործարքն ինքնին կայացել է, Դուք նշում եք, որ վերջնական ավարտի դեռ չի հասցվել: Դժվարությունները Հայաստանի՞ իշխանություններն են հարուցում՝ այդ մի քանի կետի հետ կապված, թե՞ «Կոնտուր գլոբալ» ընկերությունն է աշխատում վերջնական ձևակերպման վրա, համաձայնության հասնելու հնարավորությունները, ի վերջո, որքա՞ն են:

– Գործարքի հետ կապված խնդիրներ չկան, բայց և չեմ կարող ընկերության անունից որևէ բան ասել: Սա բնականոն գործընթաց է, երբ գործարքը ստորագրվում է, և հատկապես, երբ սեփականության փոխանցում է տեղի ունենում, ստորագրումից հետո որոշ ժամանակ անց են միայն բանալիները հանձնում: Սա նորմալ պրոցես է, և պետք է գործարքի ստորագրումից հետո արդեն բանալիները հանձնել:

– Հայաստանը չի ցանկանում բանալիները հանձնել:

– Չէ՛, կարծում եմ՝ Հայաստանը ցանկանում է բանալիները հանձնել (ծիծաղում է):

– 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանը հանձնառություն ստանձնեց, ապա անդամակցեց ԵՏՄ-ին, թեև դրանից առաջ երեքուկես տարի բանակցել էր Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ: ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ Միացյալ Նահանգները մշտապես ողջունել է Հայաստանի ինքնիշխան ցանկացած որոշում, բայց իր հիասթափությունը հայտնեց բուն սեպտեմբերի 3-ի շրջադարձի վերաբերյալ:

– Ուզում եմ հստակություն մտցնել. ինձ այս հարցը հաճախ են տալիս: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը որևէ կերպ չի անդրադառնում Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների խորության վրա: ՀՀ իշխանությունները հստակ նշել են, որ տնտեսական այդ միությանն են անդամակցում, սակայն պատրաստ են շարունակել Միացյալ Նահանգների հետ գործակցությունը այնքանով, որքանով դա չի խոչընդոտի այդ միության անդամակցությանը: Իմ ուղերձը հետևյալն է՝ դուռը մնում է բաց, այդ դուռը մենք օգտագործում ենք, նոր նախաձեռնություններ և նոր քայլեր ենք քննարկում: Կրկին ուզում եմ նշել, որ ԵՏՄ-ին անդամակցելը որևէ կերպ չի անդրադարձել մեր հարաբերությունների որակի վրա: Չորս ամիս այստեղ գտնվելով, խոսելով տարբեր մարդկանց հետ Երևանում և Գյումրիում՝ ակնհայտ է, որ մեր երկու երկրներին միավորում է այն, որ մենք կիսում ենք հիմնարար արժեքները, և 25 տարիների ընթացքում մեր հարաբերությունների ձևավորված պատմությունը շարունակվում է:

– Պարոն դեսպան, արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության ածանցյալն է: Հայաստանի քաղաքական դաշտն ամբողջովին աղճատված է, ըստ տարբեր գնահատականների՝ այն ամբողջությամբ վերահսկվում է իշխանական բուրգի կողմից, տնտեսական մենաշնորհները ուղղակի ոչնչացնում են ՀՀ տնտեսական զարգացման բոլոր հեռանկարները: Որպես ԱՄՆ գործընկեր՝ որքանո՞վ է դյուրին Հայաստանի քաղաքական, նաև տնտեսական դաշտում աշխատել աղճատված քաղաքական դաշտի, մենաշնորհված տնտեսական հատվածների հետ: Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում առողջ գործակցության, առողջ շփումների, առողջ հարաբերություններ հաստատելու տեսանկյունից:

– Կարծում եմ՝ այստեղ Միացյալ Նահանգները կարողանում է տարբեր հարցերի շուրջ աշխատելու համար գտնել ամուր գործընկերներ: Ինչպես ավելի վաղ նշեցի, կան խոչընդոտներ, կան ազդեցիկ շահեր, որոնք ևս խոչընդոտներ են ստեղծում: Սրանք խնդիրներ են, որ նկատվել են նախկին Խորհրդային Միության, եվրոպական նոր զարգացող երկրներում: Անկեղծ ասած, կոռուպցիան տեղ է գտնում ամենուր, նույնիսկ Միացյալ Նահանգներում: Կարևոր է, թե ինչպես է դրան արձագանքում հասարակությունը, արդյոք անցկացվում են քննություններ, արդյոք կոռուպցիայի դեմ միջոցներ ձեռնարկվում են, որպեսզի այն ջրի երես դուրս գա: Թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ այն երկրներում, որտեղ ես աշխատել եմ, կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքներում կարևորվում են հետևյալ խնդիրները՝ պրոֆեսիոնալ լրագրողական դաշտի առկայություն, անկախ դատական համակարգի առկայություն, որը կապահովի օրենքի կիրառումը, կոռուպցիայի դեմ պայքար և ամուր քաղաքացիական հասարակության ապահովում: Մենք այստեղ երեք ուղղություններով էլ փորձում ենք աշխատել, և պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարությունում ունենք գործընկերներ, որոնք աշխատում են այս երեք ուղղություններն ամրապնդելու շուրջ: Դրանք գործիքներն են, միջոցներն են, և կարևոր է, որպեսզի քաղաքական ղեկավարության կողմից կամք, իսկ ժողովրդի կողմից պահանջ լինի: Կարծում եմ՝ Հայաստանում այդ երկուսն էլ կան:

– Ղարաբաղյան  հակամարտությունը չափազանց կարևոր հանգրվան է տեղափոխվել՝ հատկապես Արևմուտք-Ռուսաստան դիմակայության առկայությամբ: Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և հասկանալի է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև այս դիմակայությունը չի կարող չանդրադառնալ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Ըստ տարբեր տեսակետների՝ այս դիմակայության ընթացքում չի բացառվում, այսպես կոչված, պատահական պատերազմը, որը էապես պայմանավորված  է և՛ հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ Ռուսաստանի նոր դոկտրինով, և՛ նաև Բաքվին մեծաքանակ հարձակողական զենքի վաճառքի փաստով, ինչը Ադրբեջանի նախագահ Ալիևին թույլ է տալիս ավելի ու ավելի կոշտացնել հռետորաբանությունը: ԱՄՆ համար դյուրի՞ն է  շարունակել կոնստրուկտիվ աշխատանքը ՌԴ հետ Մինսկի խմբի ձևաչափում: Եվ արդյոք Միացյալ Նահանգները ունի՞ աշխատելու առանձին գործիքներ խաղաղության ամրապնդման համար՝ հատկապես այս ժամանակահատվածում, երբ Ռուսաստանի հետ հարաբերություններով պայմանավորված անկանխատեսելի զարգացումներն ավելի ու ավելի տեսանելի և հնարավոր են դառնում:

– Ուկրաինայի հետ կապված դեպքերի արդյունքում Ռուսաստանի կողմից դրսևորած միջազգային ագրեսիայի պատճառով շատ սրվեցին Ռուսաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների, նաև արևմտյան երկրների հետ, սակայն նախագահ Օբաման և պետքարտուղար Քերին հետևողականորեն նշել են, որ այն հարցերի շուրջ, որտեղ մենք և Ռուսաստանը ունենք ընդհանուր շահեր, պատրաստ ենք այդ հարցերի շուրջ աշխատել: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, կարծում եմ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նպատակը նույնն է: Դեսպան Ուորլիքը, որ մի քանի շաբաթ առաջ այստեղ էր գտնվում, ինձ և Հայաստանի ներկայացուցիչներին ասել է, որ շարունակում են աշխատել համանախագահների հետ Մինսկի խմբի շրջանակում, այդ թվում և՝ ՌԴ համանախագահի հետ, և բոլորն աշխատում են այս նպատակի ուղղությամբ: Մեր գնահատմամբ՝ այս հակամարտության կողմերից ոչ մեկը չի ձգտում հակամարտության վերականգնմանը կամ պատերազմ սկսելուն: Դեսպան Ուորլիքն էլ շարունակում է աշխատել, հորդորել նրանց, որպեսզի զսպեն հռետորաբանությունը, որպեսզի չսրեն իրավիճակը:

Դուք հարցրեցիք երկկողմ աշխատանքի վերաբերյալ այլ գործիքների մասին: Այս հակամարտության կարգավորման շուրջ մեր աշխատանքը ընթանում է Մինսկի խմբի շրջանակում: Դեսպանությունը փորձում է աջակցել Մինսկի խմբի գործընթացին, և մենք դա արել ենք տարիների ընթացքում, փորձում ենք հայերի և ադրբեջանիցների միջև շփումներ ապահովել, որպեսզի թշնամանքը կոտրվի:

– Անդրադառնանք Մինսկի խմբի ձևաչափին առնչվող վերջին զարգացումներին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի առաջարկով՝ համալրել Մինսկի խումբը նոր անդամներով, մասնավորապես՝ նշվում են Գերմանիան և Թուրքիան: Ինչպե՞ս է Միացյալ Նահանգները վերաբերվում այս առաջարկին՝ հաշվի առնելով, որ Երևանը կտրականապես մերժում է այդ հեռանկարը:

– Միացյալ Նահանգները գտնում է, որ ներկայիս կազմի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա, և որևէ փոփոխություն Մինսկի խմբի կազմում չի կարող կատարվել, եթե բոլոր կողմերի համաձայնությունը դրա վերաբերյալ չկա:

– Միացյալ Նահանգները առաջին օրից  պաշտպանել է հայ-թուրքական հաշտեցումը, «ֆուտբոլային դիվանագիտության» ջատագովն է եղել: Շաբաթներ առաջ Թուրքիայում ընտրություններ էին, որոնց արդյունքում պատմական փոփոխություններ տեղի ունեցան: Այս ընտրություններից հետո Միացյալ  Նահանգներն ինչպիսի՞ հնարավորություն է տեսնում այդ հարաբերությունների հեռանկարի համար: Արդյոք այս ընտրությունները նշանակո՞ւմ են, որ երրորդ երկրների միջամտությունը, մասնավորապես Բաքվի ազդեցությունը հնարավոր կլինի նվազեցնել:

– Չնայած Թուրքիայի իշխանությունների կողմից գործընթացը ձախողվել է, սակայն հայ-թուրքական հաշտեցումը շարունակում է մնալ շատ կարևոր հանգամանք: Այն կարևոր է տարածաշրջանի կայունության համար, կարևոր է Հայաստանի տնտեսության համար, կարևոր է Թուրքիայի տնտեսության համար: Ինչպես մեր խոսակցության սկզբում նշեցի, ինձ համար առաջնահերթ հարց է սա, որպեսզի մենք կապեր ձևավորենք հայերի և թուրքերի միջև: Ես՝ որպես դեսպան, Թուրքիայում չեմ պաշտոնավարում և չեմ կարողանա մեկնաբանություններ ներկայացնել Թուրքիայում կայացած ընտրությունների վերաբերյալ, բայց այն, ինչ տեսել եմ թուրքական սոցիալական ցանցերում, թուրքական լրատվամիջոցների հրապարակումներում, Հայաստանի հաշտեցման վերաբերյալ Թուրքիայում տարբեր կարծիքներ կան: Այժմ երբ ավարտվել են 1915թ. ապրիլի 24-ի սարսափելի ողբերգության հիշատակի միջոցառումները, և երբ նոր ձայներ են ի հայտ եկել Թուրքիայում, կարծում եմ՝ բովանդակային երկխոսության մասին մտածելու և նման երկխոսության ձեռնամուխ լինելու ժամանակն է: Մեր դեսպանությունն այստեղ, Անկարայում դեսպանությունը, Ստամբուլում հյուպատոսարանը պատրաստ են աջակցելու այս երկխոսության կայացմանը: Եվ ինչպես ապրիլի 24-ի իր ուղերձում նշել էր նախագահ Օբաման, մեր նպատակն է օգնել կողմերին անկեղծ, ազնիվ և արդարացի կերպով առերեսվել իրականությանը և ապահովել խաղաղությունը տարածաշրջանում:

– «Վեցյակ»-Իրան բանակցություններն ինտենսիվ շարունակվում են, և առաջիկա օրերին նոր զարգացումներ են սպասվում: Հասկանալով Հայաստանի իրավիճակը՝ ԱՄՆ-ը տարիներ ի վեր ըմբռնումով է վերաբերվել Հայաստան-Իրան հարաբերություններին: Այս բանակցությունների դրական ավարտից հետո ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում Հայաստան-Իրան հարաբերությունների, շփումների համար, և՝ ԱՄՆ-ի ինչպիսի՞ մասնակցություն կարող է Հայաստանն ակնկալել Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար:

– Միացյալ Նահանգները գնահատում է, որ Հայաստանը հետևել է Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին: Մենք հասկանում ենք, որ դա Հայաստանի համար որոշակի տնտեսական արժեք է ունեցել: Միջազգային հանրության այս ձևաչափով իրականացվող աշխատանքների նպատակն այն է, որպեսզի Իրանը հետամուտ չլինի միջուկային իր ծրագրերին: Ապրիլի 2-ին զգալի առաջընթաց գրանցվեց Իրանի միջուկային ծրագրի քննարկումներում, բայց դեռ շատ բան կա անելու, և ինչպես պետքարտուղար Քերին է ասում՝ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, նշանակում է ոչինչ համաձայնեցված չէ: Մենք հուսով ենք, որ համաձայնությունը կկայանա, և այդ պարագայում արդեն Իրանը պետք է ցույց տա, որ պատրաստ է կատարել իր հանձնառությունները և անհրաժեշտ ստուգումների հնարավորություն ստեղծի: Քանի որ այժմ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, դիտարկվում են պատժամիջոցների վերացման, դրանք շրջանցելու հարցերը, ինձ համար դժվար կլինի նշել, թե ինչպիսին կարող է լինել ազդեցությունը Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետ կապված: Այս պահին, սակայն, պատժամիջոցները շարունակում են գործել, և մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կհետևի այդ պատժամիջոցներին: Ես հուսով եմ, որ մեր մյուս հանդիպման ժամանակ կկարողանանք հարաբերությունների նոր փուլի մասին խոսել:

  • Դիտումներ՝ *