«Ամենակարևորն այն է, որ քաղաքացիական շարժումը հաջողության հասավ այս փուլում, և մենք տեսանք, որ այնտեղ հավաքված մարդկանց պահանջն էր, որ մեր քաղաքացիները օգոստոսի 1-ից ուղղակիորեն չվճարեն էլեկտրաէներգիայի թանկացման համար, ինչն էլ եղավ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանն ու դրա դեմ ծավալված հասարակական դժգոհությանը:
Է.Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ համակարգն առողջացման կարիք ունի, և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտի անցկացումը ոչ թե գործընթացի ավարտն է, այլ սկիզբն է: Իսկ ինչո՞ւ Հայաստանի իշխանություններն ավելի վաղ՝ մինչև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ՀԷՑ-ում աուդիտ չնախաձեռնեցին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ ընկերությունում, որ այդքան պարտքեր է կուտակում ու ամեն տարի թանկացման հայտ ներկայացնում:
«Եթե դուք ուզում եք ստանալ ձեր հարցերի ամբողջական պատասխանը, ապա ես չեմ այդ պաշտոնյան կամ մասնագետը, որ սպառիչ բացատրություն տամ: Միգուցե դիմեք Ռոբերտ Նազարյանին կամ Երվանդ Զախարյանին»,- պատասխանեց ԱԺ փոխնախագահը: