Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այն տղամարդիկ, որոնց մոտ բարձր է կորտիզոլ կամ տեստոստերոն հորմոնների մակարդակը, ավելի հակված են ֆինանսական շուկայում ռիսկի դիմելուն: Այս բացահայտումն արել են ամերիկացի գիտնականները: Նրանց կատարած հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում:
Միննեապոլիսում (ԱՄՆ) գործող Մինեսոթայի համալսարանի ներկայացուցիչ Ալդո Ռուստիչինին հայտարարել է, որ կորտիզոլն ազդում է ռիսկին հակված լինելու վրա, մինչդեռ տեստոստերոնը մարդուն ստիպում է ավելի լավատեսորեն կանխատեսել գների փոփոխությունները. «Մեր արդյունքները վկայում են, որ կորտիզոլի ու տեստոստերոնի մակարդակի փոփոխումը կարող է իր դերակատարություն ունենալ ֆինանսական շուկաների ապակայունացման գործում՝ մեծացնելով ռիսկի հանդեպ հակվածությունը»: