Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիային՝ կապված այդ երկիր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցի հետ: Այդ մասին նշված է այսօր Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդիգը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, ուր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը վճռական բողոք է հայտնել նրան՝ կապված Բակո Սահակյանի պլանավորված այցի հետ, ուր նա մասնակցելու է բրիտանական Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի (The Royal Institute of International Affairs) կազմակերպած միջոցառմանը:
Հանդիպման ժամանակ Խալաֆովը հայտարարել է, որ դա «չի համապատասխանում» Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների ոգուն ու «գնահատվում է» որպես Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ: Բակո Սահակյանը պլանավորել է Լոնդոն այցելել հուլիսի 8-ին: