Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՀ-ի բանկերում սառեցված 13 տոննա ոսկին վերադարձվել է Իրանին: Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլա Սեյֆը։
«13 տոննա ոսկին, որը ձեռք է բերվել երկու տարի առաջ Հարավային Աֆրիկայում և հետո կալանքի տակ դրվել պատժամիջոցների պատճառով, վերադարձվել է Իրանի գանձապետարան: Վերադարձը Իրանի կառավարության մի քանի ամսվա լարված աշխատանքի արդյունք է»,- ասել է նա:
Սեյֆն ընդգծել է, որ Իրանի ԱԳՆ-ն ու Իրանի Կենտրոնական բանկը լուրջ ջանքեր են գործադրել, որպեսզի իրանական ոսկյա ակտիվները վերջապես վերադարձվեն իրենց տերերին: Սեյֆը ՀԱՀ-ում ոսկու վրա դրված կալանքի վերացման հաջողությունը մասամբ պայմանավորել է Վիեննայում «վեցյակի» ու Իրանի միջև տարվող բանակցություններով: