ԱՄՆ-ը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և դաշնային կառավարության մի շարք անդամների լրտեսել է առնվազն 1990-ականներից: Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung-ը՝ հղում անելով WikiLeaks-ի տվյալներին:
Նշվում է, որ լրտեսությունն իրականացրել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը «բրիտանական հետախուզության» հետ համատեղ: Լրտեսության օբյեկտների շարքում են 69 հեռախոսահամարներ, ընդ որում՝ դրանց մեծ մասը Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությանն էին: Լրտեսությունն առնչվել է նաև գյուղատնտեսության նախարարությանը, պետքարտուղարին, արտաքին գործերի նախարարության տնտեսական բաժնին և Եվրոպական կենտրոնական բանկին:
Բարձրաստիճան անձանցից լրտեսվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ֆինանսների նախկին նախարար Օսկար Լաֆոնտենը, որի հեռախոսահամարն այժմ օգտագործվում է Վոլֆգանգ Շոյբլեի ընդունարանում, ֆինանսների նախարարության նախկին քարտուղար Բարբարա Հենդրիքսը, էկոնոմիկայի նախկին նախարար Վեռներ Մյուլլերը: