«Մեր էլեկտրականությունը, փաստորեն, ԵՏՄ կազմում դառնում է ամենաթանկը, որը էապես կազդի մեր արտահանման մրցունակության վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Վերջինիս խոսքով՝ հոսանքի գնի թանկացումը շղթայական ազդեցություն է ունենալու՝ որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գները նույնպես կթանկանան, և կստեղծվի ավելի անբարենպաստ վիճակ:
«Մենք արդեն երկրորդ տարին ենք ասում, որ պետք է միջազգային աուդիտ իրականացվի, և հասկանան ինքնարժեքը, գնագոյացման իրական ազդեցությունը: Շատ ուրախ ենք, որ հանրապետության նախագահը գնաց դրան: Սա լուրջ ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ մեր չքնաղ երիտասարդության քաղաքացիական պայքարի արդյունքում: Իրենք պետք է հասկանան, որ դրա շնորհիվ իրենք կարողացան պետության հետ մտնել լուրջ համագործակցության մեջ»,- հավելեց Ղազարյանը:
Անդրադառնալով արտահանման ծավալների կրճատմանը նախորդ եռամսյակում՝ մեր զրուցակիցը նշեց, որ առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է արտահանման ծավալների աճ, և կանխատեսվում է, որ հետագա 6-7 ամսվա մեջ Հայաստանը արտահանման մասով կունենա 7-8 տոկոս աճ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։