Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Meydan TV առցանց հեռուստատեսության չորս աշխատակիցների արգելել են լքել Ադրբեջանը: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Meydan TV-ի ղեկավար Էմին Միլլին:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Եվրոպական խաղերը նոր են ավարտվել, և իշխանությունները սկսել են բռնություններ գործադրել Meydan TV-ի դեմ: Այսօր (հունիսի 30-ին) Meydan TV-ի մի շարք լրագրողներ փորձել են անցնել սահմանը և մեկնել Թբիլիսի, սակայն նրանց թույլ չեն տվել լքել երկիրը՝ հայտարարելով, որ պաշտոնապես արգելված է նրանց ելքը:
Ելնելով նախորդ դեպքերի փորձից՝ կարծում ենք, որ Meydan TV-ի դեմ հարուցվել է քրեական գործ: Կառավարությունը Meydan TV-ի դեմ բռնությունները սկսել է Եվրոպական խաղերի ավարտից մեկ օր անց: Մի քանի օր առաջ Իլհամ Ալիևի իշխանությունն անձամբ սպառնացել է ինձ, իսկ այժմ էլ արգելել են երկրից լրագրողների ելքը»: