«Սանթոս»-ը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ընդդեմ բրազիլացի հարձակվող Նեյմարի, նրա հոր և նրանց պատկանող ընկերության, ինչպես նաև ընդդեմ «Բարսելոնա»-ի: Այդ մասին հայտնում է AFP-ը:
Ավելի վաղ կատալոնական ակումբը հայտարարել է, որ 2013 թվականին ձեռք է բերել Նեյմարի տրանսֆերը 57.1 մլն եվրոյով, սակայն հետաքննության արդյունքում պարզվել է, որ գործարքի արժեքը 94.8 մլն եվրո է կազմել: «Սանթոս»-ի նախագահ Մոդեստո Ռոմա-կրտսերը հայտարարել է, որ Նեյմարի տեղափոխության համար բրազիլական ակումբը 17.1 մլն է ստացել և կարող է ստանալ ևս 2 մլն, եթե Նեյմարը «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների եռյակում հայտնվի:
««Սանթոս»-ի կարծիքով` «Բարսելոնա»-ն, Նեյմարն ու նրա ընկերությունը խախտել են տրանսֆերային պայմանագիրը: Մենք փոխհատուցում ենք պահանջում»,- հայտարարել է բրազիլական ակումբի նախագահը: