Նիդեռլանդական Transavia ավիաընկերությունն անցած շաբաթ Ամստերդամից Բարսելոն թռիչքի ժամանակ իր ուղևորների վրա վիրտուալ իրականության ակնոց է փորձարկել: Icelandair-ը նույնպիսի ծառայություն է առաջարկել Բրյուսելից Իսլանդիա թռչողների համար, գրում է Air-journal պորտալը:
Transavia-ն իր ուղևորներին առաջարկել է վիրտուալ ակնոցով ֆիլմ դիտել, վիրտուալ էքսկուրսիա կատարել օդաչուի խցիկ կամ հետևել ինքնաթիռի թռիչքին: Ընկերությունը հույս ունի արդեն մեկ տարի հետո իր ուղևորներին առաջարկել ակնոցների միջոցով անհատական ժամանցային ծրագրեր:
Icelandair-ը տեխնիկական նորույթն օգտագործել է ուղևորներին Իսլանդիայի գեղեցկությունը ցույց տալու համար: Ակնոցի միջոցով ուղևորները կարողացել են տեսնել մի շարք վիդեո-նյութեր 3D-պրոյեկցիայով:
Վիրտուալ իրականության ակնոց արդեն օգտագործում են British Airways-ը, Turkish Airlines-ը, Qantas-ը, Emirates Airlines-ը, Air New Zealand-ը, Thomas Cook-ը և այլ ընկերություններ: