Ղրղըզստանի իրավապահ մարմինների աշխատակիցները չեզոքացրել են հավաքագրողների հստակ կազմակերպված ցանց, որոնք այդ երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց և երեխաների, ուղարկել են Սիրիայում ռազմական գործողությունների վայրեր: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով այդ երկրի ՆԳՆ մամլո ծառայությանը:
Հաղորդվում է, որ նաև 3 կին է ձերբակալվել, որոնք կեղծ փաստաթղթերով փորձել են Սիրիայում հակամարտության գոտի տանել իրենց 6 երեխաներին:
Պարզվել է, որ այդ կանայք և նրանց անչափահաս երեխաներն արտասահմանյան անձնագրեր և լիազորագրեր են ստացել միջնորդների միջոցով: Նրանց նաև տվել են 400-ական դոլար և ավիատոմսեր մինչև Մոսկվա, որտեղ նրանց պետք է դիմավորեին և Թուրքիայով ուղարկեին Սիրիա:
«Իրականացված հետաքննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքները ցույց են տալիս կանանց զինված հակամարտություններին մասնակցելու համար հավաքագրող և Սիրիա ուղարկող կայուն հանցավոր խմբավորման առկայությունը, որտեղ խմբավորման անդամների միջև հստակ բաշխված են գործառույթները: Ներկայումս կատարվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ այլ հավաքագրողների, անձնագրերի և լիազորագրերի տրամադրմամբ զբաղվող միջնորդների, նաև արդեն Սիրիա մեկնած այլ կանանց բացահայտելու համար»,- նշում է ՆԳՆ-ն:
Ղրղըզստանի իրավապահ կառույցների տվյալներով՝ Սիրիայում գրոհայինների կողմից կռվում է այդ երկրի մոտ 350 քաղաքացի: