Նյու Յորքում կայացել է լրագրողական հեղինակավոր Պուլիտցերյան 99-րդ մրցանակաբաշխությունը: Այս մասին ասվում է մրցանակաբաշխության կայքում:
Սերտիֆիկատներ և ոսկե մեդալներ են հանձնել Կոլումբիայի համալսարանի նախագահ Լի Բոլինջերը և Պուլիտցերյան հանձնաժողովի նախագահներ Փոլ Ջիգոթն ու Ադամ Փրայդը:
Ամենահեղինակավոր մրցանակը՝ «Հասարակությանը ծառայելու համար», ստացել են Post and curier թերթի լրագրողները Հարավային Կարոլինայից՝ ընտանիքում կանանց հանդեպ բռնության մասին «Մինչև մահը չբաժանի մեզ» ընդհանուր անվանումով ռեպորտաժների շարքի համար:
«Սենսացիոն նյութի ակնառու մատուցման համար» մրցանակ են ստացել Վաշինգտոն նահանգի Seatlle Times թերթի աշխատակիցները՝ 43 մարդու կյանք խլած ցեխի հոսքի մասին հոդվածի, նաև «այդ իրադարձության հետագա լուսաբանման և փորձերի համար, թե արդյոք հնարավո՞ր էր խուսափել այդ սարսափելի բնական աղետից»:
Մրցանակների են արժանացել նաև NY Times, The Wall Street Journal, The Washington post պարբերականների լրագրողները: