ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մեղադրել էր Արամ Մանուկյանին, Հրանտ Բագրատյանին, որ ԱԺ-ում փորձում են իրենց անցյալը սրբագրել եւ այնպես ներկայացնել, ասես Հայաստանի պատմության ամենածաղկուն շրջանն է դա եղել. «Բոլոր ձեռնարկությունները կանգնած էին, ո՞ր ձեռնարկությունն էր աշխատում՝ Կաբելի գործարա՞նն էր աշխատում, Ռելեի գործարա՞նը: Դե, թող ինձ ասեն որեւէ շենք, որ կառուցվել է Գյումրիում իրենց ժամանակ, թող մի օրինակ բերեն: Այս առնչությամբ Aravot.am-ը Հրանտ Բագրատյանից պարզաբանում է ստացել՝ կարո՞ղ եք Գյումրիում մի շենք ասել, որը Ձեր ժամանակ է կառուցվել:
Հրանտ Բագրատյանը պատասխանել է. «94-ի փետրվարին, երբ մենք դեռ պատերազմ էինք վարում, Համաշխարհային բանկը հաստատեց համարյա 29 մլն դոլարի վարկ՝ աղետի գոտում շինարարություն անելու համար: Ծրագիր եմ ներկայացրել, չէ՞,որ վարկը տվել են ու տվել են մի երկրի, որը պատերազմի մեջ է: Եթե նրանք այդ փողը մեզ չտային, բյուջեից պիտի ծախսեինք, եթե բյուջեից ծախսեինք, ուրեմն բանակի վրա պետք է քիչ ծախսեինք: Դա գիտե՞ք ինչ բողոք առաջացրեց Թուրքիայում եւ Ադրբեջանում: Սա առաջին եւ վերջին դեպքն է եղել այդ կառույցի պատմության մեջ: 1993-ին հանրապետությունում հանձնվել է 354 հազար քմ բնակմակերես, 1994-ին՝ 254 հազար, 95-ին՝ 284 հազար, 96-ին՝ 134 հազար: Այս բոլորն իրար հետ 1 մլն 10 հազար քմ է կազմում: Դա իրենից ներկայացնում է 750 հատ 5 հարկանի շենք: Այս 1 մլն 10 հազար քմ-ից 510 հազար քմ-ն՝ ուղիղ կեսը աղետի գոտում է կառուցվել: Մենք կառուցել ենք 375 հատ 5 հարկանի բնակելի շենք միայն: Այդ 375 շենքից 165 հազար քմ-ն կառուցվել է Գյումրիում, այսինքն՝ 120 հատ 5 հարկանի շենք: Համարյա թե ավարտել ենք Մուշ թաղամասը: Գյումրիում այդ ընթացքում հիմքից կառուցվել են նոր գործարաններ՝ Գյումրիի անալիտիկ սարքերի գործարանը, Էլեկտրասարքաշինական գործարանը, Գյումրիի տեքստիլի մի մասը՝ գուլպա-նասկեղենի հատվածը, Գարեջրի-Ածիկի գործարանը: Կառուցվել է նաեւ «Իմպուլսը» Դիլիջանում, Սպիտակի կարի ֆաբրիկան, Կրասար-Գյումրի ջրատարը, Գյումրիում բաղնիք է կառուցվել: Գյումրիում կառուցված են եղել տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ: Կառուցվել է Մայիսյան կաթսայատունը: Իսկ ես անձամբ Գյումրիին, որպես վարչապետ, նվիրել եմ 1 դպրոց՝ այսօրվա ֆրանսիական դպրոցը: Բացի այդ դպրոցից, տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ եմ կառուցել»:
Հրանտ Բագրատյանը պատմել է, որ 96-ի մայիսի 24-26-ին պաշտոնական այցով Ֆրանսիա է մեկնել. «Ալեն Ժուպեն հանեց եւ ինձ կտրոն նվիրեց՝ 10 մլն ֆրանկի՝ 2 մլն դոլարի: Ես կարող էի որոշել ինչ անել դա: Ես այդ չեկը բերեցի, տվեցի կապալառուի եւ կառուցել տվեցի Գյումրիի ֆրանսիական դպրոցը, որը հիմա կա: Կառուցելուց հետո էլ այցելել եմ դպրոց եւ Երեւանի կոնյակի գործարանի անունից նոր գույք եմ նվիրել: Այնպես որ, ես չեմ կարողանում պատկերացնել, ինչքան չարություն պետք է լինի մարդու մեջ, որ այդպիսի անհամ բաներ խոսի»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում