Շոտլանդիայի Սենթ Էնդրյուսի համալսարանի կենսաբանների խումբը պարզել է առավելությունները, որոնք դրոզոֆիլ ճանճերին տալիս է միասեռական վարքագիծը: Գիտնականների հետազոտությունը հրապարակված է Proceedings of the Royal Society B ամսագրում:
Կենսաբանները վաղուց նշում են, որ կենդանիների համասեռամոլ վարքում պետք է որոշակի նպատակահարմարություն լինի էվոլյուցիայի տեսանկյունից, հակառակ դեպքում բնական ընտրությունը վաղուց կչեզոքացներ համասեռամոլությունը: Այդ էվոլյուցիոն առավելությունները պարզելու համար հետազոտության հեղինակները մի շարք փորձեր են արել դրոզոֆիլ ճանճերի վրա:
Փորձերի ընթացքում ճանճերին դրել են փակ տարայի մեջ և հետևել դրանց վարքին՝ հատկապես նշելով առանձնյակների միջև հոգ տանելու և զուգավորման դեպքերը: Հետերո- և հոմոսեքսուալ կապեր դիտվել են տարբեր պայմանների փոփոխության ժամանակ (միջավայրի ջերմաստիճանի, արյունակիցների խաչասերում և այլն):
Ուսումնասիրելով ստացված արդյունքները՝ գիտնականներն ուշադրություն են դարձրել մի գործոնի: Պարզվել է՝ արուները, որոնց նախնիների մեջ համասեռամոլ վարքի հակվածությամբ շատ արուներ են եղել, էգերի հետ խաչասերումից հետո ավելի շատ սրունդ են տալիս: Կենսաբանները դեռ չգիտեն՝ հատկապես որ գեներն են պատասխանատու այդպիսի բարձր սերնդատվության համար, բայց վստահ են գենետիկ մեխանիզմի առկայության հարցում, որը պահում է իրենց ուսումնասիրած ճանճերի շրջանում համասեռամոլ վարքի մշտական (և ցածր) հաճախականությունը: