ՆԱՏՕ-ի դիրքորոշումը` Վրաստանի` դաշինքին անդամակցելու վերաբերյալ չի փոխվել: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին:
«Այն բանի հետ կապված, թե դա երբ տեղի կունենա, ես հստակ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այդ մասին մի քանի անգամ հայտարարվել է»,- ասել է Սթոլթենբերգը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում իր ելույթի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ նախապես ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ուղղությունն ընդունվել է 2008-ին` Բուխարեստում դաշինքի գագաթնաժողովի ժամանակ, և հաստատվել 2014-ի Ուելսի գագաթնաժողովում:
Նրա խոսքերով` այդ ժամանակից ի վեր կողմերը համատեղ բովանդակալից միջոցառումներ են կազմակերպում` ներառյալ զորավարժությունները: Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում դաշինքի շատ օպերացիաներում Վրաստանի մասնակցությունը: