ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել 47 կետով ՖԻՖԱ-ում կոռուպցիայի մասին գործի հետաքննության հետ կապված: Գործով անցնում է 14 մարդ, այդ թվում՝ ֆեդերացիայի 9 պաշտոնյա: Առաջադրված մեղադրանքների թվում են՝ շորթում, կաշառքների ստացում և փողերի լվացում: Գործի 6 մասնակիցները խոստովանական ցուցմունք են տվել, հայտնում է meduza.io-ն:
ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ ասվում է «միջազգային ֆուտբոլում կոռուպցիայի ճանապարհով հարստացման սխեմայի» բացահայտման մասին, որը գոյություն է ունեցել 24 տարի:
Մեղադրյալների թվում են՝ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահ Ջեֆֆրի Ուեբը և նույն կոմիտեի անդամ Ջեք Ուորները:
Գործի նյութերում նշվում է ընդհանուր 150 մլն դոլար կաշառքի մասին:
Մայիսի 27-ին Ցյուրիխում ձերբակալված ՖԻՖԱ-ի պաշտոնյաների թվում են՝ Ջեֆֆրի Ուեբը և Էուխենիո Ֆիգերեդոն, Էդուարդո Լին, Խոսե Մարիա Մարինը, Ջեք Ուորները, Խուլիո Ռոչան, Կոստաս Տակկասը, Ռաֆաել Էսկևելը և Նիկոլաս Լեոսը:
Շվեյցարիայի դատախազությունն այդ ձերբակալություններից հետո հայտարարել է սեփական քրեական գործի մասին: Դրա շրջանակներում ծրագրվում է հետաքննել 2018 և 2022 թթ. ֆուտբոլի Աշխարհի առաջնությունների անցկացման իրավունքի ընտրության հանգամանքները: