Իրաքի իշխանությունները չորեքշաբթի օրը որոշել են վերանվանել ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ ռազմական գործողությունը՝ այն մտավախությունների պատճառով, որ ընտրված անվանումը կարող է կրոնական տարաձայնություններ առաջացնել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ իրաքյան բանակի հետ համատեղ գործող շիա ռազմականացված միավորումները արշավն անվանել են «Քո տրամադրության տակ ենք, Հուսեյն» (Labeyk Ya Hussein): Ալ-Հուսեյն բեն Ալին Մուհամմեդ մարգարեի թոռն է՝ երրորդ շիա իմամը, որը շատ սիրված է իսլամի այդ ուղղության հետևորդների շրջանում:
Շիաների որոշումը քննադատության ալիք է առաջացրել իրաքցի սուննիների շրջանում: Ըստ նրանց՝ այդ անվանումն ապացուցում է, որ շիա զինվորականները «հետևում են Իրանի հրահանգներին»:
Այդպիսի պայմաններում Իրաքի ներկայացուցիչների խորհուրդը որոշում է ընդունել գործողությունը վերանվանել «Քո տրամադրության տակ ենք, Իրաք» (Labeyk Ya Iraq):
Երեքշաբթի օրն Իրաքը պաշտոնապես հայտարարել է ԴԱԻՇ-ի վերահսկողությունից Անբար նահանգի և այլ տարածքների ազատագրման ռազմական գործղության սկզբի մասին: Կանոնավոր բանակին մեծ օգնություն են ցուցաբերում հազարավոր կամավորներ, այդ թվում՝ շիաներ և քրդեր: