G7-ի երկրների ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները հավաքվում են գերմանական Դրեզդենում: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ինչպես ապահովել կայուն և երկարաժամկետ տնտեսական աճ ռեկորդային պարտքի պայմաններում՝ հենց այսպես է ձևակերպված դրեզդենյան ֆորումի օրակարգի հիմնական կետը: Շեշտը դրվում է նաև այսպես կոչված՝ էժան փողերի քաղաքականության վրա, որը ներկայումս իրականացնում է Եվրոպական կենտրոնական բանկը:
G7-ի նախարարները կքննարկեն նաև ֆինանսական իրավիճակը Հունաստանում և Ուկրաինայում: Հանդիպման թեմաներից մեկը կլինի ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը՝ կողմերը կքննարկեն, թե ինչպես կարելի է սառեցնել ծայրահեղականների միջոցները կամ ընդհանրապես թույլ չտալ կասկածելի բանկային գործողություններ: Այդ կոնտեքստում հատուկ ուշադրություն կդարձվի, այսպես կոչված, վիրտուալ վճարային համակարգերին, ինչպիսին Bitcoin-ն է, որի դեպքում գործարքները կատարվում են անանուն:
Ֆինանսական «յոթյակի» հանդիպումը հերթական կանգառն է G7-ում Գերմանիայի նախագահության գագաթնակետի ճանապարհին՝ հունիսի 7-8-ին բավարական Էլմաու ամրոցում գագաթնաժողովի:
Գերմանիայի ֆինանսների նախարարությունում TASS-ին հայտնել են, որ «հանդիպման արդյունքները կամփոփվեն ուրբաթ օրը մամլո ասուլիսի ժամանակ»:
G7-ի հանդիպումը կտևի մինչև մայիսի 29-ը: