Կառավարության գովերգած հարկային փոփոխությունները, որ ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 1-ից, խոստանում են բացասական ազդեցություն ունենալ նույն կառավարության կողմից գերակա հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը, բարդացել է հարկային հաշվետվությունների ներկայացման կարգը՝ հաշվետվությունները դարձել են առավել մանրակրկիտ, ժամանակատար:
Դժվարացել է նաև աութսորսինգի իրականացումը՝ հավելյալ 20% ԱԱՀ է սահմանվել: Բացի այդ՝ 20% հարկ է սահմանվում դրամաշնորհների վրա, ինչը տրամաբանությունից դուրս է և սպառնում է ստացվող դրամաշնորհների ծավալների էական նվազմամբ: Օրինակ՝ ԻՏՁՄ-ն արդեն մի քանի տարի աշխատում է ՀՀ-ում համաշխարհային ՏՏ համաժողով կազմակերպելու ուղղությամբ, սակայն այդ նպատակով ծախսվող գումարները զգալիորեն կավելանան, և միջազգային գործընկերները կարող են հրաժարվել համաժողովն այստեղ անցկացնելու մտքից և կգերադասեն որևէ երրորդ երկիր:
ԻՏՁՄ-ն ներկայում ի մի է բերում հարկային բոլոր խնդիրները, և ապագայում դրանք կհրապարակեն: