Այսօր լրագրողները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ կառավարությունը կարո՞ղ է հրաժարվել ՀԷՑ-ի սեփականատիրոջից: Նա պատասխանեց. «Մենք չենք կարող հրաժարվել սեփականատիրոջից: Սեփականատերը կարող է իր սեփականությունից հրաժարվել, կարող է փոխել իր կառավարչին»:
Հարցին՝ Գլադունչիկին բռնեցին ճամպրուկով, բայց գնաց և հիմա Ուկրաինայում է, ինչո՞ւ չենք կարող հրաժարվել սեփականատիրոջից, եթե այդքան վատն է, կառավարությունը պետք է նստի նայի, տեսնի ի՞նչ են անում՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե սեփականատերը խախտի մեր օրենսդրությունը, մենք ընդամենը օրենսդրությամբ նախատեսված կարգով նրան պատասխանատվության կենթարկենք: Բայց վատ կառավարման համար չենք կարող սեփականատիրոջից հրաժարվել: Բազմաթիվ ընկերություններ կան, որ և վատ են կառավարվում, և լավ: Հանրային ծառայությունների տեսանկյունից մենք ունենք որոշակի պահանջներ: Եթե մեր պահանջներն են խախտվում, մենք այդտեղ միջամտելու իրավունք ունենք: Այդ միջամտությունը կարող է լինել սկսած նախազգուշացումից և տուգանքից, ընդհուպ մինչև լիցենզիայի զրկում»: