Հարազատները քաղցկեղից մահացած պուերտոռիկացի տաքսիստին հարգանքի յուրօրինակ տուրք են մատուցել՝ նրա մարմինը դնելով տաքսու ղեկի մոտ: Այս մասին հայտնում է Mashable-ը: Վերջին 15 տարում որպես տաքսու վարորդ աշխատած հանգուցյալին գլխարկ և փողկապ են հագցրել:
Toyota Corolla ավտոմեքենան, որը մինչև մահ վարել է Վիկտոր Պերես Կարդոնան, հուղարկավորության ժամանակ կանգնած է եղել հարազատներով շրջապատված տան բակում:
«Նա աշխարհի մարդ էր, և նրա հուղարկավորությունն այդպիսի յուրահատուկ կերպով է անցել: Նման բան այստեղ երբեք չի եղել»,- ասել է հանգուցյալի դուստրն ու հավելել, որ տաքսուց առաջ հայրն ավտոբուս է վարել:
Նա նշել է, որ որոշ մարդիկ նստել են հանգուցյալի տաքսին, որպեսզի վերջին անգամ Կարդոնայի ուղևորը լինեն: