Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան սուր քննադատության է արժանացրել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին: Վերջինս ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը հավակնում է զբաղեցնել 5-րդ անգամ: Նա կառույցը ղեկավարում է 1998 թվականից:
«Վերջին տարիներին ֆուտբոլը փոխվել է ոչ դրական առումով: Նրա գլխավոր կառույցը Բլատերի գլխավորությամբ վերածվել է կոռուպցիոն հարթակի, խայտառակության ու անհեթեթության: Այդպես մտածում են բոլորը, ովքեր իսկապես, անտարբեր չեն ֆուտբոլի նկատմամբ:
Ժամանակակից աշխարհում ընդունված չէ, որ ինչ-որ մեկը 5 անգամ անընդմեջ պաշտոնավարի: Դա հակասում է ժողովրդավարության կանոններին, բայց նորմալ է ՖԻՖԱ-ի համար: Դա նմանվում է բռնապետության:
Բլատերը ծեր մաֆիոզ է, ով ամեն անգամ անհասկանալի կերպով խուսափում է բանտարկությունից: Նա ամեն անգամ հայտարարում է, որ պայքարում է ռասիզմի դեմ ու ցանկանում է զարգացնել կանանց ֆուտբոլը: Հարց է առաջանում՝ ինչո՞վ է նա զբաղվել պաշտոնավարման 4 ժամկետներում. պատասխանը գիտեն բոլորը՝ իրեն շրջապատել է խաբեբաներով, ովքեր իրենց գրպանները լցրել են ֆուտբոլի հաշվին:
Եթե Բլատերն արդար մարդ լիներ, իր ժամանակի կեսը չէր ծախսի ՖԻՖԱ-ի ֆինանսական գործունեության ներքին հետաքննությունն արգելափակելու համար:
Ինչու՞ է այդ 79-ամյա խորամանկ աղվեսը 5-րդ անգամ առաջադրում թեկնածությունը: Նա և ընկերները գողացել են ամեն ինչ, բացի գրասենյակների կահույքից: Եթե դու ղեկավար ես, իսկ ենթականերդ գողանում են, կա՛մ հիմար ես, կա՛մ գող: Ոչ մի մարզաձև չի քննադատվում այնքան, որքան ֆուտբոլը: Դա Բլատերի աշխատանքի արդյունքն է:
Խոշոր հովանավորները, ինչպիսիք էին Continental-ը, Castrol-ն ու Johnson & Johnson-ը, երես են թեքել ֆուտբոլից: ԵԽ-ն Բլատերին մեղադրում է 100 մլն դոլարի կորստի մեջ: Հատուկ ծառայությունները հետաքննում է 2022թ. աշխարհի առաջնության ընդունող երկրի ընտրության անաչառությունը: Բավակա՛ն է: Ցանկանում ենք տեսնել ֆուտբոլային, ոչ թե մաֆիայի մշակույթ»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը: