Բուհերը շենքեր չեն, որ ուր ուզենք` տեղափոխենք այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ Նախարար Արմեն Աշոտյանը` խոսելով երևանյան որոշ բուհեր Գյումրի տեղափոխելու խոսակցությունների մասին: Նա հավաստիացրեց, որ բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագիծ չկա:
«Բուհական համակարգի կառուցվածքի արդիականացման հարցը մշտապես քննարկվում է, բայց բուհը կենդանի օրգանիզմ է, և ոչ ոք չի կարող այն մի տեղից մյուսը տեղափոխել: Գյումրիին լրացուցիչ կրթական առաքելություն տալու մասին քննարկումներ նույնպես լինում են, բայց այս պահին որևէ բուհ Գյումրի տեղափոխելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասաց նախարարը:
Նախարարև նաև նշեց, որ բուհերի խոշորացման հարցը նույնպես քննարկվում է, և կան առաջարկություններ, օրինակ` որոշ բուհեր Աբովյան տեղափոխել, Շիրակի պետական համալսարան ստեղծել, սակայն այս ամենը, նախարարի կարծիքով, չի կարելի քննարկել` համատեքստից որևէ գործոն կտրելով: