Կալիֆոռնիական Դիսնեյլենդում 24 ժամ տևողությամբ շոուն երեկ սկիզբ դրեց իր ստեղծման 60-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարություններին, որոնք կտևեն մեկ տարի: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Կառուցված լույսի, մթության, ջրի և շարժման միասնությունից՝ շոուն ներկաների վրա մեծ տպավորություն է գործել՝ հաղորդել է KTLA հեռուստաալիքը:
Ատրակցիոնների թեմատիկ պարկը, որն ստացել է Դիսնեյլենդ անվանումը, ստեղծել է ամերիկացի նկարիչ և պրոդյուսեր Ուոլթ Դիսնեյը: Այն բացվել է 1955 թվականին՝ Լոս Անջելեսից 45 կմ հարավ գտնվող Անահայմ քաղաքում: Շատ արագ Դիսնեյլենդը դարձավ համաշխարհային զբոսաշրջության կենտրոն: Դրան մեծապես նպաստեցին «Ուոլթ Դիսնեյ» ընկերության ֆիլմերը: Դիսնեյլենդում այդ ֆիլմերի հերոսները իջնում են էկրանից և դիմավորում հաճախորդներին: Սակայն արդեն 6 տասնամյակ է՝ այդ կերպարների առաջատարն է 1928 թվականին Դիսնեյի ստեղծած լեգենդար Միկի Մաուսը: Հենց նա էլ բացեց հոբելյանական մարաթոնը:
Շոուի հետ միաժամանակ Դիսնեյլենդի ղեկավարությունը պատրաստել է 500 նոր հուշանվեր:
60 տարի առաջ բացելով Դիսնեյլենդը՝ Ուոլթ Դիսնեյը այն անվանել է «երկրի վրա ամենաերջանիկ վայրը», ինչն այսօր դարձել է նաև շոու-բիզնեսի և զվարճությունների նորագույն ձևերի աշխարհի խոշորագույն կենտրոն: