Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ավարտվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2014/15թթ մրցաշրջանը:
Դորտմունդի «Բորուսիա»-ն դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ մրցակիցը` «Վոլֆսբուրգ»-ն, արդեն իսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել: Գերմանիայի գավաթակիրը նվաճում է Եվրոպայի լիգայի ուղեգիր: Այսպիսով` չնայած գրաված 7-րդ տեղին, թիմը չի զրկվել եվրագավաթներից:
Դորտմունդյան ակումբում իր երկրորդ մրցաշրջանն է ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա անցկացրել է 28 խաղ` ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 1921 րոպե: Հենրիխը 21 անգամ եղել է մեկնարկային կազմում, 7 անգամ դուրս եկել փոխարինման, 6 անգամ փոխարինվել:
Նա խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Հենրիխը դեպի մրցակցի դարպասը կատարել է 69 հարված, որից 46-ը եղել է դիպուկ: Նա 1523 անգամ հպվել է գնդակին, կատարել 937 փոխանցում, որից 688-ը դիպուկ է եղել, 249-ը` ոչ (73% դիպուկություն): Հենրիխը 28 անգամ խախտել է կանոնները, իսկ իր նկատմամբ կանոնների խախտում թույլ են տվել 47 անգամ:
Խաղադաշտում անցկացրած 1921 րոպեում նա վազել է 234.78 կմ: Մխիթարյանը ստացել է 4 դեղին քարտ, կարմիր քարտ չի ստացել: