Սաուդյան Արաբիայում ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորմանը հավատարիմներն իրենց վրա են վերցրել շիաների մզկիթում ահաբեկչության պատասխանատվությունը, որը 20 մարդու կյանք է խլել: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով ամերիկյան SITE կազմակերպությանը:
Ուրբաթ օրը Էլ Կատիֆ շրջանի Էլ Քադիհ գյուղի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Աղոթքին 150 մարդ էր ներկա:
ԴԱԻՇ-ի հետ կապված «Նաջդ գավառ»-ը հայտնել է ահաբեկչի անունը`Աբու Ամար ան-Նաջի, ինչպես նաև 250 տուժածների մասին:
Երկրի ՆԳՆ-ն հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ահաբեկչությունը: