Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարող հետաձգել Ուկրաինային առնչվող որոշումը։ Այս մասին նա հայտարարել է Ռիգայում ընթացող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
«Այժմ դեբատների և երկարաժամկետ հայեցակարգերի ժամանակ չէ Ուկրաինայի համար։ Որոշումը պետք է ընդունվի անմիջապես։ Որոշումները, որոնք մեզ պետք են, ներդրումներն են Ուկրաինայում, դրա աճը, աշխատաշուկան։ Մեզ նաև պետք է տեսլական առ այն, թե ինչպես կարող ենք մերձեցնել մեր եվրոպացի գործընկերներին Եվրոպայում»,- ասել է Շուլցը։
Շուլցը նաև նշել է, որ ԵՄ-ում տեղ չկա բռնապետության համար։
«Մենք չենք կարող ասել, որ գագաթնաժողովի բոլոր մեսիջները միանման են բոլոր երկրների համար։ Բռնապետությունը տեղ չունի ԵՄ-ում, պարզ է, որ ժողովրդավարության կարիք ունենք։ Ժողովրդավար երկրները տնտեսական աջակցության կարիք կունենան»,- ասել է Շուլցը՝ պատասխանելով Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի ճակատագրերի վերաբերյալ հարցին։