«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ավարտվել է Թբիլիսիի հանրային դպրոցների՝ տարբեր առարկաների վրացի ուսուցիչների վերապատրաստումը։ Սա 2015թ. հունվարից Թբիլիսիի ուսուցչական չորրորդ խումբն է իր նախաձեռնությամբ ծանոթանում կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման, տարածման աշխատանքին։ Վերապատրաստման ծրագիրը ներառում է ուսումնական պարապմունք, գործնական աշխատանք կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցներում։
Այս անգամ քառօրյա վերապատրաստման արդյունքն ամփոփվեց Երևանի Ս. Փարաջանովի թանգարանում, որտեղ քառասունմեկ մասնակիցները հանդիսավոր ստացան վկայագրեր։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ վկայագրերը հանձնվել էին Երևանի Մատենադարանում։