Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ խաղի նախօրեին Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը վերլուծել է մրցակցի խաղը` նշելով, մասնավորապես, հարձակվող Լուիս Սուարեսին:
Իսպանացի ֆուտբոլիստը վստահ է, որ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է գտնել կատալոնացիների դեմ հակախաղը:
«Այս «Բարսելոնա»-ն մի թիմ է, որն ավելի շատ պրեսինգի է ենթարկում մրցակիցներին, լավ է գործում պաշտպանության գծում: Բացի այդ կատալոնական ակումբի կազմում է «մարդասպան» Սուարեսը: Նա շատ հզոր ֆուտբոլիստ է, ով շատ բան է տալիս իր թիմին:
Մենք կորուստներ ունենք թիմի կազմում, բայց ներկայացնում ենք «Բավարիա»-ն և աշխատում աշխարհի լավագույն գլխավոր մարզչի հետ»,- Marca-ն մեջբերում է Մարտինեսի խոսքերը:
Հիշեցնենք` եվրոպական երկու գրանդերի դիմակայությունները կկայանան մայիսի 6-ին և 12-ին: Առաջին խաղը կանցնի «Բարսելոնա»-ի հարկի տակ: