Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին

Հավաքական օրգանիզմը թունավորելով, հոշոտելով ու ոչնչացնելով՝ կործանում են իրենց «կերակրատաշտը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը:

Շատերը Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը բնորոշում են ստագնացիոն, լճացած: Սա «մահաբե՞ր» է, թե՞ առողջարար տարր կա դրանում, և կարո՞ղ է այս իրավիճակը հանգեցնել դրական փոփոխությունների:

Ես կասեի քաղաքացիական և ժողովրդավարության համակեցության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իմաստով մենք անկումային շրջան ենք ապրում, ոչ թե ստագնացիա. իրավիճակը գնալով վատթարանում է: Պետք է խորհել ու գիտակցել դրա պատճառները և տեսնել, թե արդյոք վերածննդի կամ վերելքի հնարավորություն կա՞, թե՞ ոչ: Ամեն ինչ ունի վերելք և անկում: 2009-ին, 2010-ին, այնուհետև ավելի ինտենսիվորեն՝ 2012-ին և 2013-ին հասարակության փոքրաթիվ՝ գիտակից, առողջ և ստեղծագործ տարրերը, ովքեր ընդունակ էին իրավունքներ նվաճելու, դիմակայելու և արարելու հանուն մարդկային արժեքների ու հիմնարար ազատությունների, ավելի ակտիվ, ազդեցիկ և վերելքային շրջան ապրեցին: Երբ նման բջիջները թուլանում կամ մեկուսացվում ու չեզոքացվում են, նրանց շնչելու, արարելու ու զարգանալու հնարավորություններն ու սահմանները սեղմվում և արգելափակվում են, բնականաբար, իշխող համակարգի տարրերը (այստեղ նկատի ունեմ՝ իշխանությանը, զանազան ոլորտների էլիտաներին, քծնող, կոռումպացված և իրար հոշոտող հայաստանյան կամ այլազգի հասարակական կազմակերպություններին)  ավելի են հզորանում ու սանձարձակ դառնում, դեգրադացնում են մարդկային և հասարակական կյանքը, ոչնչացման են դատապարտում հավաքական օրգանիզմը: Մենք հիմա այս փուլում ենք: Այս տարրերն իրենց էությամբ կարճատես են, նեղմիտ, հետևաբար չեն կարողանում գիտակցել, որ հավաքական օրգանիզմը թունավորելով, հոշոտելով ու ոչնչացնելով՝ ոչնչացնում են նաև իրենց  «կերակրման» տաշտակը. էլ չեմ խոսում նրանց կողմից մարդկային ավելի բարձր արժեքների ոտնահարման գիտակցության մասին, քանի որ նրանք հակադիր են այդ արժեքներին և դրանց կրողներին:

Իմ կարծիքով՝ մեր հասարակության մեջ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կրող և դրանք կենսագործող, ստեղծագործական ոգով տոգորված, համընդհանուր հավաքական օրգանիզմն առողջացնող ու վերանորոգող բջիջները ոչ միայն ապրում են թշնամական միջավայրում, ոչ միայն ենթարկվում են իրենցից դուրս իշխող տարրերի հալածանքներին ու սահմանափակումներին, այլև իրենց ներսում շարունակական կերպով չեն կարողանում վերարտադրվել ու տարածվել, թույլ են և չկայացած, անընդհատ տիրապետող մշակույթի, տիրապետող վարքագծերի ազդեցության տակ լինելով՝ վարակվում են դրանցից: Դրա համար էլ մենք գուցե քաղաքացիական առողջացման ու զարգացման իմաստով շատ քիչ վերելքներ ենք ունենում, կարճաժամկետ, ադ-հոկ, և  դրանց անմիջապես հետևում է անկման, հուսահատության, հուսալքության երկարատև ժամանակաշրջանը: Մեր հավաքական օրգանիզմն անընդունակ է գտնվում առողջացման ցիկլը հետևողական դարձնելու: Մեղավորներ փնտրելու խնդիր չկա, հարցը պարզապես ինքնագիտակցման, ինքնագնահատման և զարգանալու կամք ձևավորելու ներուժի, կարողությունների և հնարավորությունների մեջ է: Մեր հասարակությունը և հավաքականությունը, դժբախտաբար, կարծես չի կարողանում այդ առողջ տարրերն իր օրգանիզմում ընդունել ու տանել, այդ տարրերին արարելու առիթ և հնարավորություն տալ: Այսպիսով, ինքնըստինքյան ինքնադատապարտվում ենք դժբախտությունների, մարդկային արհավիրքների, դաժանությունների և հետզհետե՝ ոչնչացման: Սա ունի ստրուկտուրալ պատճառներ, բայց կան նաև մշակութային պատճառներ: Ներկայումս քչերն են, որ ուզում են կամ ընդունակ են խորքային կերպով նման հիմնախնդիրներ քննարկել և դրանց լուծման գործով զբաղվել: Միտումնավոր է արվում, թե ոչ՝ ինձ այնքան էլ չի հետաքրքրում. արդյունքն այն է, որ մարդն ու հասարակությունն ամբողջությամբ արդեն չեն կարողանում ազատ շնչել ու արարել:

Հետաքրքիր է՝ վերջին շրջանում Սերժ Թանկյանի, Քանյե Ուեսթի համերգներից հետո բազմիցս խոսվեց վերափոխված Հայաստանի մասին, որ մենք ունենք հեղափոխված երիտասարդություն, որ երբ սիրում է, հավատում՝ համախմբվում է: Այն, ինչ չի կարողանում անել և ոչ մի  ընդդիմություն:

Այս գնահատականները չափազանցություններ են, գուցե վերջին համերգների կրքերը դեռ շատ վառ են, կամ էլ դեպրեսիվ վիճակն այնքան խորն է, որ կշռադատված գնահատականներ տալու կամ ընդունելու ընդունակ չենք:

Այդ երիտասարդության մոտ ադրենալինի բարձրացում էր՝ կարճատև հաճելի պահեր: Իսկ Մաշտոցի պուրակում երիտասարդությունը երեք ամիս՝ ցուրտ եղանակին, ավելի դժվարին պայմաններում, իսկապես իշխող համակարգին ու նրա պարտադրած կանոններին ձեռնոց նետեց ու դիմակայեց: Այս երկուսը համեմատելի բաներ չեն: Մի տեղում երիտասարդը հանդիսատես է, մյուս տեղում՝ մասնակից և իրավիճակ փոխող: Դրա համար ես Թանկյանի համերգին հանդիսատես լինելը չեմ համեմատում քաղաքացիական գործունեության հետ: Հանդիսատեսը ստացողի դերում է, այսինքն՝ ոչ այդ երիտասարդությունը, ոչ էլ այդ զանգվածը իրավիճակ փոխելու ներգործուն կարգավիճակում չէ:

Համամարդկային ներկա համակարգում միտումնավոր զարկ է տրվում անձի պաշտամունքին և երկրպագությանը, երբ ամեն մարդ իր և իր նյութական շահի համար է ապրում և չի ձգտում համարձակ, գործնական վարքագծեր ու փոփոխություններ կատարել (հեղափոխականություն)՝ հանուն անհատականության զարգացման, արդարության, ազատությունների, մարդկային արժեքների: Աստղային հիվանդություններ, ինքնադրսևորում վիրտուալ աշխարհում, գերություն սպառողականությանը և այլն… մեր հասարկությունն ու երիտասարդությունն էլ են այդ հիվանդությամբ վարակված: Այս համերգների կամ աստղային այցելությունների առաջացրած ոգևորությունը ես հիմնական այս պրիզմայով եմ դիտում: Պետք է հաշվի առնել նաև այն, որ երիտասարդության համար ընդհանրապես ռոք կամ ռեփ համերգներ գնալը հաճելի է, և երիտասարդությունը ձգտում է ըմբոստ երևալ՝ անկախ այն հանգամանքից, թե իրական կյանքում որքանով է իսկապես ըմբոստ, հեղափոխական կամ հակառակը:

Սերժ Թանկյանը,  System Of A Down-ը ռոք մշակույթով բարձրաձայնում են իշխող անմարդկային, անազատ ու անարդար, ոչ սոլիդար համակարգերի մասին և այլընտրանքային մարդկային համակեցության կոչ անում: Հիմա թույլ տվեք իմ գնահատականը տալ, որ այդ հսկայական զանգվածը և երիտասարդությունը, որ մասնակցում էր այդ համերգներին կամ երկրպագում էր նրանց, մեծամասամբ կրքերի սանձարձակման էր տրվել և դրա կարիքը, վստահաբար, ունի: Բայց ոչ ավելին: Այդ հանդիսատես երիտասարդության քանի՞ տոկոսն է այդ արժեքների կրողը կամ համակրողը, քանի՞սն են այդ իշխող համակարգերին և նրանց պարտադրած կանոններին դիմակայում, ձեռնոց նետում կամ ձևափոխելու փորձ անում հենց իրենց ամենօրյա կյանքում: Նրանցից քանի՞սն են ամեն օր քծնում, հարմարվում և մաս դառնում ու սնում այդ նույն անմարդկային համակարգերը:  Քանի՞սն են իրական ըմբոստներ և ազատության, արդարության ու սոլիդարության համար փոփոխության գործոններ: Ինձ համար այս ամենը մարդու երկակիություն է, կեղծավորություն, բարդույթներ, զուտ բնազդով ու կրքերով առաջնորդում, նեղմիտ էգոիզմ ու նյութապաշտություն՝ արտաքինից ցույց են տալիս, որ մի բանի են համակրում, բայց իրականում վարքագծով դրա հակապատկերն են… Սրանք լուրջ հոգեբանական, սոցիալական, քաղաքական ու մշակութային հիմնապատճառներ ունեն և արժանի են համապատասխան վերլուծության, գնահատականների և լուծումների:

Պաթետիկ է՝ մեր երիտասարդությանը վերագրել մի բան, այնինչ իրականում այն չէ՝ որքան էլ ցավալի լինի դա ընդունելը:

Մեր երիտասարդությունը մտավոր և ստեղծագործական մեծ ներուժ ունի, սակայն այն ազատատենչության, արդարատենչության և քննադատական մտքի միջավայրում չի ապրում և զարգանում, սնվում է անազատ, ստրկամիտ, կեղծիքի և վախկոտության համակարգերում՝ իր ընտանիքից սկսած մինչև դպրոց և համալսարան, աշխատավայր, հասարակություն և պետություն:  Մենք չունենք երիտասարդական կամ համալսարանական ազատատենչ շարժումներ՝ հանուն մարդ-անհատի, մարդու ազատության և արդարության: Այնպիսի նախադեպերը, ինչպիսիք են «Թռչկանը», «Մաշտոցի պուրակը», «Վճարենք 100 դրամ»-ը և նմանօրինակ քաղաքացիական շարժումները բացառություններ են և համատարած չեն մեզանում: Նրանց մասնակիցները մասամբ ինքնաազատագրվելու ուղու վրա են գտնվել և դեռևս այդ ռուբիկոնն անցնելու մարտահրավերի առջև են:

Մեր երիտասարդության մեծամասնությունը, ընդօրինակելով իրենից ավագ սերունդներին, սովորում է, «վարժեցվում»  է (այլ ոչ թե կրթվում է) հլու-հպատակ լինել և  հարմարվել ամեն տեսակի անարդարության ու անազատության, բարդույթավորվում է իր անզորությունից՝ գուցե թաքուն երազելով ազատությունը, արդարությունը, ըմբոստությունը, բայց չգիտակցելով դրանց էությունը, և իրեն անզոր է համարում դրական փոփոխություն կատարելու: Հետևաբար երիտասարդությունը այլ ոճերով վերարտադրում է նախկին սերունդների վարքագծերը և դեգրադացվում է: Այո, այս համերգներին, նման միջոցառումներին մասնակցելը երիտասարդության ազատ ճիչի առիթն է, գուցե լիցքաթափվելու հնարավորություն: Սակայն քանի՞սն են պատրաստ անելու ճիչից ավելին՝ իր անհատի, ընտանիքի, դպրոցի, աշխատավայրի, հասարակության դրական փոփոխության գործոնը դառնալով: Ունե՞ն համարձակություն՝ իշխող համակարգերի կանոնները և ներկայացուցիչներին ամեն օր, ամեն պահի քողազերծելու, ձեռնոց նետելու, ունե՞ն կամք՝ ինքնակազմակերպվելու, ՏԵՐ կանգնելու մարդկային բարձր արժեքների կենսագործման աշխատանքին: Հիմա իրենց ժամանակն է և պիտի գիտակցեն այս: Կրո՞ղն եք ազատություների, արդարության ու մարդկային իրավունքների իրագործման. ուրեմն «Ֆեյսբուքից», զուտ հանդիսատեսի ու դիտորդի  դերից (լինի դա հաճելի համերգներում կամ ամենօրյա կյանքում) անցեք լուրջ և հետևողական գործի, նախ և առաջ փոխեք ինքներդ ձեզ,  վերածվեք իրական ըմբոստների ու փոփոխության գործոնների, հետո կասեմ, որ մեր երիտասարդությունը խզում է նախկին սերունդների անազատության, բարդույթների, ստրկության համակարգերին հարմարվելու կամ դրանց ծառայելու մշակույթի վերարտադրման կապը, և այն սերունդն է, որը վերածնվում է ազատության, արդարության, սոլիդարության արժեքներով ու ոգով: Եվ անպայման նմանօրինակ սերունդն արժանի կլինի իբրև մարդ, հասարակություն և ազգ՝ ազատ, արդար ու սոլիդար հավաքական համակեցության ու զարգացման՝ լուսավոր հեռանկարով:

Մնացածը, ինչպես միշտ, թոզ փչելու, ինքնախաբեության և ինքնարդարացման ավելորդ դիսկուրսներ են:

Քաղաքացիական հանրույթը նույնպես լճացավ:

Քաղաքացիական հանրույթն ո՞վ է: Վերն ասածս վերաբերում է նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների իրացման ձգտող կամ հավակնող քաղաքացիական հանրույթին: Հայ իրականության մեջ այն դեռ չի կայացել և շատ թույլ է:  Չկայացած, բայց որոշ կարճատև աշխուժություն ցուցաբերող քաղաքացիական հանրույթն անկումային շրջանում է:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ քաղաքացիական հանրույթը՝ ՔՀ, կազմող անհատները և կառույցները մեծամասամբ կրողը չեն այն արժեքների, որոնք ջատագովում են, որոնց համար բանակցում կամ դրամաշնորհ են ստանում:  Նրանք մեծամասամբ իշխող համակարգի մասն են և «Տրոյական ձիու» դեր են կատարում, միտումնավոր կամ ոչ՝ էական չէ: Վարկաբեկում են փոփոխության գործոնը՝ քաղաքացիական հանրությանը, վարկաբեկում են արժեքները, ծառայում ֆինանսական ուժի և հեղինակության կենտրոնացմանը և համակարգի շահերին: Նրանք՝ պաշտոնական ՔՀ, «անձեռնմխելի են», քանի որ թե՛ ներքին և թե՛ արտաքին ուժերը նրանց կարիքն ունեն՝ այնպես, ինչպես կարիք ունեն կոռումպացված չինովնիկների/պետծառայողների: Համակարգերի այդ միջին և միջակ տարրերն ամենաավերիչն են և արգելակողը առողջ, ինքնուրույն քաղաքացիական գործոնների զարգացման: Օրինակը՝  վերջին տարիներին քաղաքացիական առողջ շարժումների հանդես գալն է և այդ կոռումպացված ՔՀԿ-ները, կուսակցությունները, մեդիաները և պետական ծառայողները, որոնք ամեն ինչ արեցին և շարունակում են անել, որպեսզի առողջ տարրը ոչնչանա, որպեսզի իրենք անկաշկանդ կերպով շարունակեն իրենց պնակալեզության ձեռնարկները:

Այս արտաքին ազդակներին ավելանում է ներքինը: Քաղաքացիական առողջ գործոնը, եթե ինքն ընդունակ չէ վերածվելու կազմակերպված ինստիտուցիոնալ ինքնուրույն գործոնի, եթե ընդունակ չէ հետևողական աշխատանքի, ինքնուրույն մտքեր ու առաջարկներ ձևավորելու և առաջարկելու, բնականաբար, դառնում է անարդյունավետ կամ ոչ ազդեցիկ, նորից հայտնվում է հակազդողի դիրքում, և զուտ հակազդող ուժի անհավասարակշիռ կացության մեջ դու ազդեցություն չունես իրավիճակ փոխելու:

Այսինքն՝ ներկայումս մենք վերարտադրում ենք անկախությունից ի վեր ձևավորված իրավիճակը (բացառություն էին 2009-2013 թթ.)` կոռումպացված ՔՀԿ-ներ. խոսքս չի վերաբերում այդ ՔՀԿ-ների մեջ ազնիվ աշխատողներին, որոնք քիչ են և իրենց հերթին ճնշվում են՝ չինովնիկներ, կուսակցություններ, իշխանություն, մեդիա, միջազգայիններ. նրանք թե՛ պատվիրում են երաժշտությունը, թե՛ կատարում են այն: Իսկ դիմակայող ու առողջացնող ՔՀԿ գործոններն ամեն գնով հալածվում ու չեզոքացվում են, որպեսզի հանկարծ նորից այդ իշխող կոռումպացված համակարգը չվտանգվի: Մի տարբերություն կա. այդ քաղաքացիական հանրույթ ասվածում յուրաքանչյուրը դիմակազերծված է, հայտնի է, թե ով ինչ է իրականում անում և ինչ ներուժ ունի: Կարևորը, որ առողջ գործոնները չծուլանան, չհիասթափվեն կամ ավելի վատ՝ իրենք ևս չսիրաշահվեն այդ կոռումպացված անհատների ու կառույցների կողմից հանուն աշխատանքի, պաշտոնի և այլնի…

Հայաստանում թերություն է նաև այն, որ ընդհանրապես ընդդիմադիրները կամ քաղաքացիական ոլորտում ներգրավված մարդիկ մակրոմակարդակի՝ իշխանության կամ պետության մակարդակի փոփոխության մասին են խոսում, իրենց անհատի միկրոմթնոլորտից հեռու՝ «Եթե այս մեկը փոխվի կամ համակարգի վերևներում մի բան փոխվի, ապա իրավիճակը կփոխվի»: Ոչ, այդպես չի լինում կայուն զարգացման փոփոխությունը: Փոփոխությունը սկսվում է, երբ յուրաքանչյուրն իրականում հավատում է ինչ-որ արժեքների, պատրաստ է այդ արժեքները կենսագործելու՝ մանավանդ սկսելով միկրոմակարդակում, և այն անպայման բերում է համակագային կայուն դրական փոփոխություններ: Երբ նույն մարդը միկրոմակարդակում հանդիպում է անարդարության կամ այդ արժեքների խախտման,  նա հաճախ չի պայքարում, որովհետև այդպես անելով՝ ինքն իրեն կդնի կոնֆլիկտային իրավիճակի մեջ իր ամենօրյա կենցաղում. ամեն մարդ չէ, որ դրան պատրաստ է, բայց շատերն են պատրաստ գնալու մեծ ցույցերի, մաս կազմելու  «հեղինակավոր» կառույցների, քննարկումներում ջատագովելու բարձր արժեքներ, փնովելու իշխող համակարգերին… Կոռումպացվածությունը միայն նյութական կաշառք ստանալը չէ, այլ նաև հոգու աղքատությունն է, երկակիությունը, քծնանքն ու կեղծիքը, մարդկային արժանապատվության ոտնահարումը՝ սկսած սեփական անձից մինչև այլ անձինք ու հավաքականություն:

Անվստահությո՞ւն գուցե ունի իր անձի նկատմամբ:

Անվստահություն չէ, անձը չի ուզում իշխող համակարգի կանոններին հակադրվել կամ այլընտրանք ստեղծել: Ինքը չի ուզում մտնել այդ կոնֆլիկտի մեջ, որովհետև բան ունի կորցնելու: Իսկ մարդիկ պատրաստ չեն դրան, մարդիկ պատրաստ են սպասելու, որ ուրիշը գա՝ իրենց համար զոհաբերվի, կամ փրկիչը գա՝ փրկի, իսկ իրենք չերևան, միայն օգտվեն: Կամ՝ սիրուն, բարձր արժեքներ ու դիսկուրսներ ջատագովեն, բայց հանկարծ դա չիրականացնեն, քանի որ դա իրենց համար ՊՐՈԲԼԵՄ կստեղծի, դիսկոմֆորտ կառաջացնի:

Դրա համար է, որ մեզանում անընդհատ հերոս կամ փրկիչ է շոշափվում, ու անընդհատ հուսախաբություն է լինում. ի դեպ՝ թե՛ հերոս ու փրկիչ փնտրողի մոտ, թե՛ հերոսի ու փրկչի տիտղոսին հավակնողի կամ ձևացնողի մոտ:

Թող ոչ ոք չարդարանա, թե պարտավոր է արժեքային ու սկզբունքների մակարդակում զիջումների գնալ, քանի որ աշխատանքի կարիք ունի, ընտանիքին պիտի կերակրի, արտաքին ազդակներն են պարտադրում  և այլն: Ոչինչ չի կարող արդարացնել մարդկային արժանապատվությունից զուրկ ապրելու արատավոր վարքագծերը, որոնք սնում և կյանք են պարգևում իշխող համակարգերին:

Յուրաքանչյուրս ազատ ու արժանապատիվ մարդ դառնալու հնարավորություն ունենք: Հետևաբար յուրաքանչյուրս ենք ընտրում մեր կյանքի ուղին՝ լինել քծնող ու ստրկամի՞տ, նյութապես հարուստ կամ աղքա՞տ, էգոիստաբար մեր գոյությունը քա՞րշ տալ, թե՞ ապրել ու արարել մարդկայնորեն՝ ազատ, արդար ու արժանապատիվ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում