Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ-Լահհամը մայիսի 2-ին ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել ապրիլի 21-ից 24-ը Ժողովրդական ժողովի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության՝ Երևան կատարած այցին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Մուհամմադ Ջիհադ ալ-Լահհամը հիացմունքով է արտահայտվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական բարձր մակարդակի մասին` ընդգծելով դրանց հույժ կարևոր նշանակությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Ժողովրդական ժողովի նախագահը շեշտել է Հայաստանում անցկացվող այդ միջոցառումներին աշխարհի տարբեր երկրների և խորհրդարանների նախագահների, ինչպես նաև ներկայացուցչական այլ պատվիրակությունների մասնակցության փաստը` որպես ուղերձ նախևառաջ Թուքիային և նրա իշխանություններին՝ իրենց անցյալի հետ առերեսվելու իմաստով:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը՝ դեսպան Փոլադյանը խիստ գնահատելի է համարել Սիրիայում հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների, մանավանդ լրատվամիջոցների` նախադեպը չունեցող արձագանքը և բուռն հետաքրքրությունը հարցի վերաբերյալ:
Զրույցի ավարտին Ժողովրդական ժողովի նախագահը հերթական անգամ իր համերաշխությունն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և նրա արդար պահանջին: