Հայերի և թուրքերի հաշտեցումը պետք է տեղի ունենա որպես հասարակական մակարդակով առաջընթացի արդյունք։ Այս մասին Asia Times-ի իր հոդվածում գրում է Շանհայի գլոբալ հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ալթայ Աթլին։ Նա նշում է, որ այդ առումով վերջերս դրական զարգացումներ են եղել։ Հոդվածագիրը մատնացույց է անում հայ և թուրք ակադեմիկոսների, մտավորականների, մարզական թիմերի, երիտասարդական խմբերի միջև շփումները։
Հայ-թուրքական սահմանի բացումը կլինի ոչ միայն դիվանագիտական ժեստ, այլև կօգնի վերականգնել այնքան անհրաժեշտ վստահությունը երկու երկրների միջև, բայց որ ավելի կարևոր է՝ այն զգալիորեն կբարձրացնի սահմանի երկու կողմերում ապրող հայերի ու թուրքերի կենսամակարդակը։ Այժմ երկու երկրների միջև առևտուրը կատարվում է Վրաստանի միջոցով, ինչը եռակի ավելացնում է ծախսերը։ Միայն հայերը չեն, որ այդ ամենից տուժում են։ Թեև Հայաստանը կարող է իրական նշանակություն չունենալ ընդհանուր առմամբ Թուրքիայի տնտեսության համար, բայց հայկական շուկայի ուղիղ հասանելիության բացակայությունը մեծ խնդիր է սահմանամերձ թուրքական նահանգների համար։
Թուրքիան ունի երկու նահանգ՝ Կարսն ու Իգդիրը, որոնք հարևան են Հայաստանին, և ևս երկուսը՝ Արդահանն ու Աղրին, որոնք ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա են սահմանից։ Դրանք միասին ապահովում են Թուրքիայի ընդհանուր ՀՆԱ-ի մոտ 0.7 տոկոսը, մինչդեռ բնակչության ավելի քան 6 տոկոսն ապրում է աղքատության պայմաններում։
Գյուղատնտեսությունն ու անասնաբուծությունը տարածաշրջանում եկամտի հիմնական աղբյուրներն են, սակայն լինելով հեռու խոշոր քաղաքների կենտրոններից և չկարողանալով վարել սահմանային առևտուր՝ այդ նահանգներն առերեսվում են տնտեսական զարգացման խոշոր խոչընդոտների։
Հրանտ Դինքի հիմնադրամի կողմից վերջերս հրապարակված զեկույցը ցույց է տալիս, որ սահմանի բացումը կապահովի խոշոր տնտեսական աշխուժացում այդ նահանգների համար։ Ըստ զեկույցում տեղ գտած սոցիոլոգիական հարցման՝ այդ նահանգների բնակչությունը կարծում է, որ «ոչ թե Հայաստանը, այլ իրենք են պատժված սահմանը փակ պահելով»։ Մեջբերվում է Կարսի մի տաքսու վարորդի կարծիքը, ով նշել էր, որ սահմանին վերաբերող հարցով հանրաքվեի անցկացման դեպքում Կարսի բնակչության 95 տոկոսը կողմ կքվեարկեր բացմանը։
Թուրքական կառավարությունը տեղյակ է բաց սահմանի տնտեսական առավելություններից։ Տարածաշրջանային զարգացման Serka գործակալության վերջին զեկույցի համաձայն՝ սահմանի բացումը կօգնի մեծացնել սահմանային առևտուրը, կբարելավի զբոսաշրջությունը, տարածաշրջանը կդարձնի Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի դարպաս, կկրճատի գործազրկությունը, տարածաշրջանը կվերածի լոգիստիկ հանգույցի։
Սահմանի փակ լինելու պատճառը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական։ Անցած տարի Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ սահմանի բացումը կարող է հնարավոր լինել, եթե Հայաստանը ցույց տա պատրաստակամություն՝ կարգավորելու վեճերը հարևան երկրների հետ և համապատասխանաբար ձեռնարկի անհրաժեշտ քայլեր։
Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը հեշտ խնդիր չի լինի, և դա անշուշտ չի բուժի անցյալի վերքերը, բայց կարող է լինել խոշոր քայլ՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը։ Հաշտեցումը կարող է հիմնված լինել հասարակական մակարդակով առաջընթացի և ներքևից վերև զարգացման վրա։ Անցած հանգստյան օրերի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ քաղաքական որոշումների միջոցով վերևից ներքև լուծումը տեսանելի ապագայում չի նյութականացվի։