«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ աշխարհով մեկ սփռված հայությունը 1915 թ. մեծագույն ողբերգությունից 100 տարի անց շարունակում է պայքարել հանուն պատմական արդարության հաղթանակի, և այդ պայքարում հայ ժողովուրդը միայնակ չէ։ Այդ մասին ասել է ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը։
«Այսօր մենք պետք է արժանին մատուցենք բոլոր այն անհատներին և կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, և արձանագրենք այդ ուղղությամբ առկա առաջընթացը։ Այս օրերին շատ է խոսվում, թե որն է լինելու մեր հետագա անելիքը։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ թե՛ մեր անմեղ նահատակների հիշատակը հարգելու, թե՛ մեր ազգային նպատակներն ու իղձերը իրականացնելու, թե՛ մեր ժողովրդի հուսալի ապագան երաշխավորելու համար պետք է հզորացնենք մեր պետությունը, ամրապնդենք պետականությունը, Հայաստանը դարձնենք զարգացած, մրցունակ, ժողովրդավարական երկիր, որը պայմաններ կստեղծի իր քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար։ Իշխանությունը յուրացնելով և երկրի հարստությունը մի խումբ մարդկանց ձեռքում կենտրոնացնելով՝ պետություն չես կառուցի»,- նշել է Դեմիրճյանը։