Ստամբուլի «Բողազիչի» համալսարանում անցկացվել է «Հայոց ցեղասպանություն. հայեցակարգեր և համեմատական հեռանկարներ» խորագրով համաժողովը։ Այս մասին գրում է «Հայթերթը»։
Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովին աշխարհի տարբեր կողմերից եկած գիտնականներ են մասնակցել։ Ելույթներով հանդես են եկել Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ֆաթմա Գյոչեքը, Ստամբուլի «Բիլգի» համալսարանի Հասարակական գիտությունների ինստիտուտի դասախոս, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով հայտնի գիտնական, պրոֆեսոր Այհան Աքթարը, նույն համալսարանի պատմության բաժնի վարիչ Բյուլենթ Բիլմեզը և ուրիշներ։
Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանություն. հայեցակարգեր և համեմատական հեռանկարներ» խորագրով համաժողովը պետք է կայանար «Բիլգի» համալսարանում, սակայն համալսարանի ղեկավարությունը հրաժարվել էր անցկացնել այդ միջոցառումը, որից հետո «Բողազիչի» համալսարանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել համաժողովը։ Հետաքրքրական է, որ «Բողազիչի» համալսարանը 2005 թվականին հրաժարվել էր իր պատերի ներքո անցկացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված մի գիտաժողով, որն ի վերջո ընդունել էր «Բիլգի» համալսարանը: 10 տարի անց բուհերը, կարծես, փոխվել են տեղերով։
Նշենք նաև, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպագրում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական ու միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ:
Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: Այդուհանդերձ, Թուրքիայի տարբեր շրջաններում Ցեղասպանության թեմայով անցկացվում են հատուկենտ միջոցառումներ, որոնց շրջանակներում պատմական իրադարձություններին տրվում են ճշգրիտ գնահատականներ։
Նախկինում «Բիլգի» համալսարանն աչքի է ընկել Հայկական հարցի տեսանկյունից համեմատաբար ազատ և բաց դիրքորոշմամբ: Չի բացառվում, որ համալսարանում որոշել են հրաժարվել համաժողովից թուրքական իշխանությունների ճնշման ներքո: