Եվրամիությունը կարող է հունիսին երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է երկուշաբթի օրը՝ ապրիլի 27-ին, Վարշավայում՝ Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչի հետ համատեղ ճեպազրույցում:
Մերկելը հիշեցրել է, որ ԵՄ-ն դեռ մարտին էր որոշել քննարկման դնել պատժամիջոցների վերացման կամ երկարացման հարցը, որը պայմանավորված է Մոսկվայի կողմից Մինսկի պայմանավորվածությունների կատարման հետ:
Մերկելի խոսքերով՝ այժմ «լրիվ ակնհայտ», որ Մինսկի համաձայնագրի իրականացումը ավելի շատ ժամանակ կպահանջի, քան ավելի վաղ ենթադրվում էր: «Մենք այդ հարցով հունիսին կզբաղվենք»,-ասել է նա:
Reuters-ի փոխանցմամբ՝ Մերկելը ենթադրում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կերկարաձգվեն: Կոպաչը նույնպես նմանատիպ տեսակետ է արտահայտել: