Ղազախստանի նախագահական ընտրությունների առաջատար Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ կաշխատի կրկնապատկված էներգիայով և Ղազախստանը կմտցնի թոփ 30 զարգացած երկրների մեջ։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
«Մենք ունենք որակավորված կադրեր, բավարար ֆինանսական միջոցներ, քաղաքական կայունություն, ժողովրդի միասնություն և բարեկամություն»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք կապահովեն Ղազախստանի մուտքն աշխարհի 30 զարգացած երկրներ։
74-ամյա նախագահը նշել է, որ առանց համընդհանուր վստահության իրեն դժվար կլիներ առաջադրված խնդիրների կատարումը։ Նա երախտագիտություն է հայտնել համաքաղաքացիներին աջակցության համար և երկրում լուրջ բարեփոխումներ խոստացել։
5-րդ նախագահական ընտրություններին, որոնք արտահերթ կայացել են ապրիլի 26-ին, մասնակցել է 3 թեկնածու։ Exit poll-ի տվյալներով՝ գործող նախագահի թեկնածությանը տրվել է ավելի քան 97 տոկոս ձայն։ Նախնական տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 95.11 տոկոս։