Եվրոպայում բռնկվել է նոր «մսային» սկանդալ՝ նախորդ սկանդալից 2 տարի անց: Մի քանի տարի շարունակ եվրոպական մի շարք երկրներում ձիու միս է վաճառվել, որը նախատեսված չէ մարդկանց օգտագործման համար: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը:
Այդ տեղեկությունը հաստատել է Հաագայում արդարադատության ոլորտի համագործակցության հարցերով եվրոպական գործակալությունը: Գերատեսչության տվյալներով՝ նախօրեին մի քանի երկրներում անցկացվել են խուզարկություններ, ձերբակալվել է 26 մարդ՝ մեծ մասը Ֆրանսիայից և Բելգիայից:
Գործողությանը մասնակցել են ոստիկաններ 7 երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից: Նշվում է, որ Գերմանիայում կատարվել է ընդամենը մեկ խուզարկություն, և ոչ ոք չի ձերբակալվել:
«Կազմակերպված հանցավոր ցանցի» անդամները փաստաթղթեր են կեղծել՝ նպատակ ունենալով սուպերմարկետների միջոցով իրացնել սննդի համար ոչ պիտանի ձիու միսը: Գլխավոր կասկածյալ է համարվել բելգիացին, որի նկատմամբ հետաքննություն է սկսվել 2012-ի նոյեմբերից: Ըստ բելգիական ԶԼՄ-ների՝ նա ևս ձերբակալվել է: