«Հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն Անկարայում է և ոչ՝ Մոսկվայում կամ Վաշինգտոնում, և դա մոտ ապագայում հաղթահարելը, մեղմ ասած, շատ դժվար է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը կնպաստի Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների լավացմանը:
Իսկանդարյանն ավելացրեց. «Խնդրի անունը Էրդողան է և ոչ՝ Լավրով: Ես շատ լրջորեն կասկածում եմ, որ Լավրովին կհաջողվի այդ խնդիրը հաղթահարել, որովհետև հարցը միջնորդությունը չէ, այլ այն, որ Թուրքիան հիմա չի ուզում հարաբերությունների բարելավում»:
Նրա կարծիքով՝ սա հերթական ցանկություն է, որը դժվար թե իրականություն դառնա:
Ինչ վերաբերում է Սերգեյ Լավրովի մեկ այլ հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության լուծման անհրաժեշտությունը գերհասունացել է, մեր զրուցակիցն ասաց. «Այդօրինակ հայտարարություններ արվում են ամիսը երեք անգամ և վերջին շրջանում հանդիսանում են մի գործոն, որը թույլ է տալիս շարունակել Մինսկի խմբի գործունեությունը: Ռուսաստանն ուզում է, որ գործընթացը շարունակվի, և այդ մասին խոսում է»:
Նրա կարծիքով՝ այսօր Ղարաբաղյան հակամարտության լուծման ոչ մի հեռանկար չկա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։