Պետդեպի ամենօրա ճեպազրույցների ժամանակ ԱՄՆ Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը չի կարողացել պատասխանել RT-ի լրագրողուհու այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթում Հայոց ցեղասպանության հերքումը համապատասխանո՞ւմ է ԱՄՆ շահերին։ Այս մասին գրում է Politrussia.com-ը:
Խուսափելով հարցի ուղղակի պատասխանից՝ Հարֆն ասել է, որ արդեն շատ անգամ է պատասխանել այդ հարցին և ոչ մի նոր բան չի կարող հավելել՝ ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը ճիշտ համարելով:
«Իմ կարծիքով՝ նախագահն իր հայտարարության մեջ շատ հստակ է բնութագրել այն ժամանակվա իրադարձությունները: Ես այս շաբաթ ամեն օր խոսել եմ այդ մասին, դուք կարող եք վերընթերցել իմ մամլո ասուլիսները: Մենք արդեն քննարկել ենք դա, և այսօր ես չեմ կարող ձեզ ոչ մի նոր բան ասել: Մենք կարծում ենք, որ ճիշտ ուղղություն ենք ընտրել»,- պատասխանել է Հարֆը:
Եվս մեկ հստակեցնող հարց՝ իսկապե՞ս Վաշինգտոնի իշխանությունները խուսափում են «Ցեղասպանություն» եզրից, Պետդեպի ներկայացուցիչն ուղղակի անտեսել է: