«Հայաստանի մասին էի մտածում, մեծ մորս ու հորս մասին էի մտածում, երբ այդ խոսքերն ասացի, ու բոլոր երկրներին, որոնք Հայաստանի հետ կապ ունեն, թե՛ շնորհակալություն ասացի, թե՛ իրենց պատասխանատվությունները հիշեցրի»,- այսօր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հանրապետության հրապարակում համերգի ժամանակ SOAD-ի կոնկրետ քաղաքական կոչեր հնչեցնելուն, որոնք ուղղված էին կառավարությանը, ասաց System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Նա հավելեց, սակայն, որ կառավարությունից այդպես էլ չեղան արձագանքներ:
Ի՞նչ է հասկանում Սերժ Թանկյանը Ցեղասպանության ճանաչում ասելով: Աշխարհահռչակ երգիչը նշեց, որ Ցեղասպանության ճանաչումն այն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և արդարության ճանապարհը բացվի:
«Առաջին լրատվական»-ը Սերժ Թանկյանին հիշեցրեց ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին ուղարկած նամակը՝ հարցնելով, թե ի՞նչ է փոխվել դրանից հետո այս երկու տարիների ընթացքում: «Ես վերջին տարիներին այստեղ չէի, դա դուք ինձ պետք է ասեք, թե ինչ փոփոխություններ կան: Եկել եմ այստեղ դա ստուգելու»,-պատասխանեց Սերժ Թանկյանը: Նա նշեց, որ որքան կարողանում է, հետևում է Հայաստանի ներքին խնդիրներին:
Սերժ Թանկյանը խոսեց նաև երկրում էկոլոգիական խնդիրների մասին. «Ինձ համար շատ ցավալի է, որ երկրում, որը շատ քիչ հող ունի, այսքան հանքեր կան բացված, որը շատ վտանգավոր է երկրի համար: «Հստակ ստուգում չկա, որ այդ ամենն արվում է բնապահպանական առումով օգտակար եղանակով: Մենք այս երկրում կարիք ունենք խիստ բնապահպանական քաղաքականության և գործարկվող նախագծերի վերաբերյալ բնապահպանական զեկույցների հստակ գնահատականի»,- հավելեց Սերժ Թանկյանը:
Ինչ կփոխվի առավոտյան, երբ Ցեղասպանությունը ճանաչվի Թուրքիայի կողմից հարցին՝ նա պատասխանեց, որ ճանաչումը արդարության վերականգնում է, և միայն ճանաչումն իր համար կարևոր չէ. «Միշտ ասում են, որ մեկը տունդ այրում է և ընտանիքդ սպանում է, 100 տարի վազում ես հետևից նրա համար, որ ներողություն ասի, դա ինչ է»,- ասաց նա՝ հավելելով, որ ճանաչումը կարևոր է, բայց հայ երիտասարդության համար կարևոր է, որ մեր հարստությունները սկսենք բացահայտել՝ առանց Ցեղասպանության ճանաչման վրա աշխատելու: