Աշխարհի շախմատի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Դժվար է հաշտվել այս ոճրագործության, ինչպես չարի մյուս բոլոր մեծագույն դրսևորումների հետ, սակայն այդպիսին է իրականությունը: Մենք չենք կարող պայքարել այսօր աշխարհում առկա չարիքի դեմ, եթե քաջություն չունենք առերեսվել այն չարիքի հետ, որի ուրվականներն արդեն հարյուրամյա վաղեմություն ունեն:
Մենք պետք է ազնիվ լինենք և քաջ, որպեսզի չարիքն անվանենք իր անունով, հատկապես, երբ դա վերաբերում է 20-րդ դարի ցեղասպանությունների մորը` Հայոց ցեղասպանությանը:
2002-ին ես The Wall Street Journal-ում գրել էի հոդված՝ կոչ անելով Եվրոպական Միության կազմում Թուրքիային ընդգրկել մի շարք պայմանների իրագործումից հետո միայն: Ամենակարևոր պայմանը Հայոց ցեղասպանության ընդունումն ու դրա վերաբերյալ լիարժեք հետաքննության անցկացումն էր: Այն, որ դա այդպես էլ տեղի չունեցավ` մեծ հիասթափություն էր:
Ես և իմ ընտանիքը հարյուր հազարավոր այլ մարդկանց հետ ստիպված եղանք 1990 թվականին փախուստի դիմել` փրկվելով Բաքվի ջարդերից: Երբեք չկարծեք, թե չարիքը միայն վաղ անցյալում է լինում:
Այսպիսի հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն»,- armchess.am –ը մեջբերում է Կասպարովի խոսքերը: