Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները լուսաբանելու համար Հայաստան են ժամանել տարբեր երկրների լրագրողներ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Սերբիայից, Կիպրոսից, Արգենտինայից, Վրաստանից:
Լրագրողների համար հուշահամալիրին մոտ հատուկ տարածք էր պատրաստվել՝ էկրաններից արարողությունը դիտելու և լուսաբանելու համար: Հատկապես շատ լրատվամիջոցներ ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից:
Հատկացված տարածքից լրագրողներին թույլ տվեցին դուրս գալ միայն այն բանից հետո, երբ երկրների պատվիրակությունները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և հեռացան Ծիծեռնակաբերդից: Երկրների նախագահների ելույթները և արարողակարգը կենդանի նկարահանելու իրավունք ունեին միայն վերջիններիս անձնական օպերատորները: