Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսն այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ ելույթ ունեցավ և նշեց, որ իր համար մեծ պատիվ է հայ ժողովրդի հետ ոգեկոչել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։
«Կիպրոսը եվրոպական առաջին երկրներից էր, որ ճանաչեց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուրիս ներկայությունն այստեղ նպատակ է հետապնդում վառ պահելու հիշատակը և հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր նահատակներին, ովքեր կյանքից զրկվեցին հարյուր տարի առաջ։ Մենք խմբովի պարտավոր ենք հայտարարել, որ սա չի կարող անպատժելի մնալ։ Հայաստանն ու Կիպրոսը անպատժելիության զոհեր են։ Մենք երկուսս էլ մեր հույսը կապում ենք միջազգային իրավունքի հետ, մեր պատմությունները շաղկապված են, մեր ժողովուրդները պայքարել են ու մնացել կենդանի»,-ասաց նա։