Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Fiat ընկերությունը երեքշաբթի օրը ավելացրել է իր մասնաբաժինը Chrysler Group-ում և հասցրել այն 30%-ի. սա տեղի է ունեցել ընկերությունների միջև կնքված պայմանագրի 3 կետերից 2-րդը կատարելու արդյունքում:
Բաժնետոմսերի փաթեթի աճը 5%-ով տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Fiat-ը օգնեց Chrysler-ին կատարել մյուս երկու կետերը, որոնք առնչվում են ընկերության միջազգային վաճառքներին: Fiat-ը պետք է ավելացներ ընկերության հասույթը Հյուսիսային Ամերիկայից դուրս` հասցնելով այն 1,5 մլրդ դոլարի և ապահովեր Chrysler մեքենաների վաճառքը Բրազիլիայում և Եվրամիությունում գտնվող իր դիլերական կենտրոնների 90%-ում, ինչը և ավարտվել է վերջին մի քանի օրերին:
Fiat-ի տնօրեն Սերջիո Մարչիոնեի և ամերիկյան ավտոարտադրողի միջև կնքված պայմանագրի համաձայն, Chrysler մակնիշի մեքենաները կարող են վաճառվել Fiat բրենդի տակ: Օրինակ՝ Dodge Journey-ը, որը շուկա դուրս կգա այս տարվա երկրորդ կեսին, կվաճառվի նաև Fiat Freemont անվան տակ:
Fiat-ն այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է ավելացնում իր մասնաբաժինը Chrysler-ում: 2009 թ. Chrysler-ի սնանկացման հետևանքով ընկերությունը վերակազմավորվեց, որից հետո Fiat-ը ստացավ ընկերության 20% մասնաբաժինը: Հունվարին այդ բաժինը դարձավ 25% այն բանից հետո, երբ, ըստ ձեռք բերված համաձայնության, Chrysler-ի համար իտալական տեխնոլոգիաներով ստեղծվեց շարժիչ, ինչը սահմանված էր պայմանագրի առաջին կետով: